Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանի նախագահը լինեի, մեծ սիրով թուրքերին կառաջարկեի՝եկեք ընդունենք Լոզանի պայմանագիրը». Տիրան Լոքմագյուզյան

Հունվար 18,2018 16:35

Թուրքագետ Տիրան Լոքմագյուզյանը մտահոգություն հայտնեց՝ վերջերս Թուրքիայում այնպիսի օրենքներ ընդունվեցին, որոնք Թուրքիան տանում են դեպի խորը միջնադար:

Ըստ նրա՝ Հրանտ Դինքի գործունեության տարիներին Թուրքիայում ինչ -որ բաներ տեղից շարժվում էին, նրա մահից հետո ինչ-ինչ հարցերում դրական առաջընթաց կար, բայց հիմա նորից Թուրքիան հետընթաց է ապրում:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետը կարծիք հայտնեց՝ այժմ Թուրքիան ազգայնական, կրոնամոլական թեքում ունի: Հարցին՝ հնարավո՞ր է Կարո Փայլյանը դառնա երկրորդ Հրանտ Դինք, թուրքագետը պատասխանեց. «Փայլյանը չի կարող երկրորդ Հրանտ Դինք լինել: Նա էլ իր գործն է անում, սակայն նրա գործունեությունը շատ հեռու է Հրանտ Դինքի գործունեությունից: Չեմ կարծում, որ Կարո Փայլյանին նույն վտանգը սպառնար, ինչ Հրանտ Դինքին: Նա լրիվ այլ գործունեություն էր իրականացնում: Հրանտ Դինքն առաջին հերթին սպառնում էր այսօր Թուրքիայի գոյությանը, և նա չսպանվեց նրա համար, որ ասում էր՝ Հայոց ցեղասպանություն է կատարվել, այլ ընդհակառակը,  Դինքը միշտ փափուկ քաղաքականության կողմնակից էր»:

Անդրադառնալով Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս փուլին՝ հատկապես վատթարացմանը, պարոն Լոքմագյուզյանը նկատեց. «Հիշում եք թուրք-իսրայելական հարաբերություները, որոնք նույնպես լավ չէին, բայց մի քանի տարի հետո տեսանք, որ այն տարիներին, երբ Թուրքիայի և Իսրայելի միջև քաղաքական առումով վատ հարաբերություններ էին, տնտեսական հարաբերություններն աննախադեպ վերելք էին ապրում: Ներկայիս թուրք-ամերիկյան տարաձայնությունները հիմնականում քրդերի հարցով են: էրդողանը, միանալով ազգայնամոլների հետ, հակաքրդական կեցվածք դրսևորեց: Այդ պատճառով էլ Էրդողանը ոչ միայն ներսում, այլև դրսում քրդերի դեմ պետք է պայքարի: Թեև թուրք-ամերիկյան հարաբերությունները արտաքինից վատ են երևում, ինձ թվում է՝ ԱՄՆ-ն էլ շատ դեմ չէ, որ Թուրքիան իր ազդեցությունն ընդլայնի և ճնշի քրդերին, որոնք իրենց բավականին լավ են զգում»: Ըստ թուրքագետի՝ ԱՄՆ-ն Թուրքիային դեռ բաց չի թողնի, իսկ եթե Էրդողանը հակառակ քաղաքականությունը վարի, այնպես չէ, որ Թուրքիան կկործանվի, ընդամենն էրդողանն իր տեղը կկորցնի և այլ անձ կգա՝ ավելի ԱՄՆ-ի շահերին ձեռնտու:

Հարցին՝ հնարավո՞ր է Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Տիրան Լոքմագյուզյանը պատասխանեց.  «Թուրքիան մինչև այսօր չէր վավերացնում այս արձանագրությունները, մեր նախագահի՝ վերջին հայտարարությունից հետո չեմ կարծում, որ միտքը փոխի: Թուրքիան այսօր ընդհանրապես չի խոսում այդ մասին: Նրա քաղաքականության մեջ ոչ մի տեղ չեն գրավում այդ արձանագրությունները՝ անգամ բացասական առումով: Գտնում եմ, որ այդ արձանագրություններն ի սկզբանե սխալ էին կազմվել: Եթե Հայաստանի նախագահը լինեի, մեծ սիրով թուրքերին կառաջարկեի՝ եկեք ընդունենք Լոզանի պայմանագիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031