Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կաշառք պահանջելու եւ ստանալու համար մեղադրվող նույն դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը միջնորդեց իր գործով կազմված արձանագրության մեջ նշված իր երկու ստորագրությունները դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկել:
Նախկին դատավորն իր միջնորդությունը հիմնավորեց պնդմամբ, թե նշված արձանագրության 4-րդ եւ 5-րդ էջերում առկա ստորագրությունն իրենը չէ, ինքը այդ արձանագրության տակ չի ստորագրել. «Այդ ստորագրությունն իմը չէ, այդ փաստաթուղթը կեղծ է, այն կազմվել է ԱԱԾ քննիչ Արտյոմ Գրիգորյանի կողմից, եւ այդ փաստաթուղթը կազմելու ժամանակ ոչ բոլորն են ներկա եղել: Նայեք ձայնագրությունները եւ ինքներդ կտեսնեք, կհամոզվեք»:
Դատարանը որոշեց մերժել Իշխան Բարսեղյանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ