Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունը որոշում է ընդունել, որ ֆիննախի աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանի» այն գանձերը, որոնք պատմամշակութային արժեք իրենցից չեն ներկայացնում եւ որոնք ապրանքային տեսքը, արժեքը տարեցտարի ընկնում է, հանեն վաճառքի: Սա քննադատության տեղիք էր տվել եւ այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը բացատրեց, թե ինչու են ուզում դրանք վաճառել: Նա բացատրեց, որ ֆորս-մաժորային իրավիճակներում, եթե այդ գանձերն ուզենանք վաճառել, ավելի ցածր գնով ստիպված կլինենք վաճառել, այն լավ կլինի հիմա վաճառենք եւ ոսկու ձուլակտոր գնենք կամ արժեթղթեր:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ 96-ից հետո նոր եք միայն որոշել վաճառքի հանել այն զարդերը, որոնց արժեքն իջնում է, ինչո՞ւ դա չի դարձել ընթացակարգ՝ պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Ես 96-ից չեմ եղել պրոցեսի մեջ, որ կարողանամ ասել, դժվարանում եմ ասել: Հավանաբար բոլորը մտածել են, որ ինքը գանձ է եւ իրենից բաժանվելը ցավոտ է լինելու, մտածել են, որ ինքը միշտ իր արժեքը պահում է: Մենք ուղղակի ավելի խորը փորձեցինք խնդիրը հասկանալ ու հասկացանք, որ ոչ բոլորն են, որ իրենց արժեքը ժամանակի մեջ պահելու են»:
Նա ասաց, որ եթե Վերնիսաժում մարգարիտի գրամը 60 դրամ է, հենց 60 դրամով էլ փորձելու են իրենք վաճառել. «Դժվար գործ է լինելու իրացնելը, այն էլ՝ շուկայական գնով: Չգիտեմ ինչքան ջանք է պետք գործադրել: Կարող է հայրենասերներ գտնվեն, որ գանձարանից ինչ-որ բան ունենալու համար գնեն»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այն ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը համոզեց, որ ոսկին լիկվիդային չի, վաճառեց ու այսօր ոսկու պաշար ենք ուզում հավաքել, կարո՞ղ է այնպես ստացվի, որ տարիներ անց պարզվի սխալ ենք արել՝ այս գանձերը վաճառելով եւ պետք է նորից գանձեր հավաքել: Արմեն Հայրապետյանը պատասխանեց, որ այդ հարցը քննարկել են. «Պահուստների կառուցվածքի խնդիր էր այնտեղ դրված, մեր պահուստները հիմնականում ոսկու ձուլակտորներ են, արժեթղթեր են եւ արտարժույթ: Դա եկամուտները մաքսիմալացնել քայլ է, բայց երբ ոսկին վաճառվեց, ոսկու վաճառքից անմիջապես հետո ոսկու գները բարձրացան եւ հետ նայելով՝ շատ հեշտ է քննադատելը: Հիմա մենք ոչ թե միանգամից դա վաճառում ենք, ժամանակի մեջ երկարացրել ենք, դա անելու ենք մաս-մաս: Շուկայական գների տատանումը մեր վրա էական ազդեցություն չի ունենալու, մենք ամեն անգամ դա վերագնահատելու ենք, տարբեր ապրանքներ ենք առաջարկելու՝ տարբեր ժամանակահատվածներով»:
Մեր հարցին՝ տեսանյութում, որն ասուլիսի ժամանակ ցուցադրվում է, կոտրած զարդեր են, փիրուզ, նռնաքար, մարգարիտից եք դուք էլ անընդհատ խոսում, դրա՞նք են միայն այդ զարդերը, թե՞ լավերը պահել եք, վատերն եք միայն ցույց տալիս, որ տպավորություն ստեղծվի, թե անպետք բաներ են հանվել վաճառքի՝ Արմեն Հայրապետյանը պատասխանեց. «Այդքան բացասական մի արտահայտվեք, չի վաճառվի: Այն ոսկու ձուլակտորները, որ վաճառքի ենթակա չեն, չեն ցուցադրված, բայց ինձ չի թվում, որ այնպիսին է վիճակը, որ ոչ մի հույս չկա վաճառքի, նախասիրության հարց է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ