Aravot.am-ն այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեց, թե ո՞ր աղբյուրից է օգտվում, երբ ասում է, որ աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությունը մեծ է ավտովթարների մեջ:
Նախարարն ի պատասխան, ասաց` ոստիկանությունից: Մեր այն դիտարկմանը, թե ոստիկանությունն ընդհանուր վիճակագրություն է հրապարակել, որտեղ ընդհանուր վթարների մեջ է աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությունը 8-10 տոկոս, այն էլ, հստակեցված չէ` աջ ղեկով թե՞ ձախ ղեկով ավտոմեքենայի վարորդինն է մեղքը, պարոն Մարտիրոսյանն ասաց` «Եթե մեքենաների քանակը բաժանում եք վթարների քանակին, ապա դուք ստանում եք այն տոկոսը, որով աջ ղեկով վթարների քանակն ավելի շատ է, քան ձախ ղեկինը»:
Մանրամասները` տեսանյութում
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրենքի նախագծին:
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Ըստ նախարարի, հոկտեմբերի 1-ից ԵՏՄ կանոնակարգում Հայաստան անունն էլ կավելանա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ