Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե «զապասով» եք պաշտպան նշանակում, «զապաս» դատավորն ո՞ւր է». «Սասնա ծռերի» պաշտպանը՝ դատավորին

Հունվար 18,2018 16:06

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպանները բողոքեցին դատավոր Արտուշ Գաբրիելյանի այն որոշման դեմ, համաձայն որի՝ ամբաստանյալների համար նաեւ հանրային պաշտպաններ են ներգրավվում՝ այն դեպքում, երբ նրանք իրենց նախընտրած՝ պայմանագրային պաշտպաններ ունեն:

Հարցի առնչությամբ դիրքորոշում արտահայտելիս ամբաստանյալների պաշտպաններից Գրիշա Բալասանյանն ասաց. «Մեր քաղաքական այրերը սովորություն ունեն մեր երկիրը Սինգապուրի հետ համեմատելու, բայց մեր երկիրը դեռ Սինգապուր չի, որ պետության միջոցները քամուն տանք»: Փաստաբանը նկատի ուներ այն, որ փոխանակ նիստը շարունակվի ամբաստանյալների պայմանագրային պաշտպաններով, դատարանը նրանց համար նաեւ հանրային պաշտպանների է նշանակում, որոնք վարձատրվում են պետության կողմից:

Գրիշա Բալասանյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին հորդորեց «զապասով» պաշտպաններ չնշանակել. «Եթե այդպես եք վարվում, ես էլ հարցնում եմ՝ իսկ «զապաս» դատավորն ո՞ւր է: Վերանայեք ձեր դիրքորոշումը պաշտպանական կողմի հանդեպ: Հիշեցնում եմ, որ դատավորի վարքագծի կանոնագիրք գոյություն ունի, որի կետերին պարտավոր եք հետեւել, մինչդեռ այսօր ոտնատակ արեցիք հանրային վստահությունը»:

Մեղադրող-դատախազներ Հակոբ Ենոքյանը եւ Արթուր Չախոյանը պաշտպանական կողմի պնդման հետ չհամաձայնեցին՝ ասելով, որ նաեւ հանրային պաշտպանի առկայությունը կօգնի առավել արդյունավետ կառավարել իրավիճակը: Որպես ասվածի պատճառ՝ Հակոբ Ենոքյանը մատնանշեց այն, որ ամբաստանյալները նիստերը բոյկոտելով՝ անբարեխղճորեն են օգտվում պաշտպանվելու իրավունքից:

Ի վերջո, հանրային պաշտպաններ Անուշ Մխիթարյանը եւ Լուսինե Ասլանյանը միջնորդեցին իրենց հեռացնել գործի վարույթից, քանի որ «Սասնա ծռերն» իրենց պաշտպաններն ունեն, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել միջնորդությունը եւ հանրային պաշտպաններին թողնել գործի վարույթում: Ստացվում է, որ «Սասնա ծռերն» այժմ ունեն եւ պայմանագրային, եւ հանրային պաշտպաններ: Վերջիններիս ծառայություններից օգտվել նրանք չեն ցանկանում:

«Որոշման պատճառն այն է, որ հետագայում խնդիրներ չլինեն եւ պաշտպանի ներկա չլինելու դեպքում նիստը շարունակվի հանրային պաշտպանի մասնակցությամբ»,-պարզաբանեց Արտուշ Գաբրիելյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031