Օրաթերթերից մեկն այսօր հրապարակել էր լուր, թե Աղվան Վարդանյանը խոսելով նախարարի աշխատանքի մասին՝ ասել է. «Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս։ Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թևով սրբես, գետնին թափես, հավաքում ես՝ վերջում տեսնում ես մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»: Նաեւ հավելվել էր, թե Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալու մասին։
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս լուրը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց.
«Մշակույթի նախարար դառնալու իմ երազանքի մասին. նախարար երազելով չեն դառնում: Ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ: Այդպիսի հարց մենք չենք քննարկել: Իսկ ընդհանրապես վատ է այն գեներալը, որը պատրաստ չէ երբեմն զինվոր դառնալ:
Ինձ վերագրվող խոսքերի մասին. սուտ է ու զրպարտություն: Նման բան երբեք չեմ ասել: Լուսահոգի մեր պատգամավորներից մեկն էր ասում, որը նախարար չի էլ եղել:
Այդ լրատվամիջոցի ու տերերի մասին. թերևս ճիշտը դատի տալն է, բայց առնչվելիս կեղտոտվելու վտանգ գա: Մշակութային պատասխանեմ՝ … անհայրենիք, անսրբություն, անաղուհաց… (գտնել և կարդալ նաև բանաստեղծության առաջին տողը):
Աշոտ ՍՏԵՓԱՆՅԱՆ