Հունվարի 11-ին կառավարությունը հավանության էր արժանացրել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված ՀՀ ֆիննախի աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
Այս նախագիծը բուռն քննադատությունների տեղիք է տվել, քանի որ գանձապետարանի որոշ գանձեր, որոնք իրենցից պատմամշակութային արժեք չեն ներկայացնում, որոշել են վաճառել: Մտահոգություններ կան, որ այս միջոցով բյուջե են ուզում լցնել: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը բացատրեց, թե իրականում որ ապրանքներն են հանվել վաճառքի եւ ինչու:
Ըստ նախագծի, վերջին տարիներին պետական պահուստները համալրվել են միայն օրենքով սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, պետությանն անցած թանկարժեք մետաղներով, թանկարժեք քարերով եւ դրանցից պատրաստված իրերով: 1996 թվականից հետո կառավարությունը դրանք չի իրացրել, որի արդյունքում կուտակվել են բավարար քանակությամբ ապրանքներ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը:
Նախագծով ներկայացվել է, որ գանձարանում առկա են երկու խումբ ապրանքներ: Առաջին խումբը պատմամշակութային արժեք ներկայացնող ապրանքներն են, որոնք չեն գնահատվում, չեն վաճառվում, միայն ցուցադրվում են թանգարաններում, օրինակ, այդպիսի ապրանքներ են հին մետաղադրամները, գոտիները, սպասքը եւ այլն:
Երկրորդ խումբ ապրանքները, որոնք գնահատված են, ունեն արժեք, կարող են վաճառքի հանվել: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.9 միլիարդ դրամ, որից մոտ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտորներն արդեն իսկ համարվում են լիկվիդային արժեք, իսկ մնացած մոտ 1.5 միլիարդ դրամի ապրանքները ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը, ինչպես նաեւ ապրանքային տեսքն ու արժեքը:
Կառավարությունը հիմա գտնում է, որ նման ապրանքների պահպանումը ոչ արդյունավետ է ու աննպատակահարմար: Պետական գանձարանը որդեգրել է մոտեցում, որ պետական պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ եւ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր:
Արմեն Հայրապետյանն ասաց, որ գանձապետարանի նպատակն այն է, որ արտակարգ իրավիճակներում, երբ փողի խնդիր լինի, պատերազմ կամ այլ արտակարգ իրավիճակ, կարողանանք մետաղներով այդ գործարքներն իրացնել: Զարդը դժվար կվաճառվի:
Փոխնախարարն ասաց, որ ենթադրենք, մեր տանը մարգարիտներ, զարդեր կան, եթե խնդիրներ ունենանք, փորձենք արագ դրանք վաճառել, շատ ավելի էժան կվաճառեք, որ այդ պահի խնդիրը լուծենք, իսկ եթե այն հիմա նախօրոք հանենք վաճառքի, գումարով ոսկու ձուլակտոր կամ արժեթղթեր գնենք, ավելի արդյունավետ կլինի:
Փոխնախարարի խոսքով՝ «Անցյալ տարի մարգարիտներ ենք ունեցել, փորձել ենք իրացնել, ցավոք, ընդհանրապես հետաքրքրություն չի եղել, որեւէ պահանջարկ չի ներկայացվել: Պատկերացրեք, եթե այդ մարգարիտը ստիպված լինեինք անհետաձգելի խնդրի դեպքում իրացնել, երեւի բիժուի գնին կարողանայինք վաճառել: Մարգարիտ եւ համանման իրեր կան՝ նռնաքարեր, փիրուզներ, տարբեր զարդեր, որոնք ժամանակին եղել են, բայց հիմա հետաքրքրություն չեն ներկայացնում արհեստական քարերով շղթաներ են, ոսկյա մատանիներ, շղթաներ, վզնոցներ՝ արհեստական քարերով»:
Թե ինչու են վաճառքի համար 4 տարի ժամկետ ամրագրել՝ պարոն Հայրապետյանը պատասխանեց. «4 տարի ժամկետ ենք դրել, որ զարդի գնով կարողանանք իրացնել, մարգարիտը՝ մարգարիտի գնով, որեւէ շտապողականություն չենք ցուցաբերելու, ներքեւի սահման ունենք, դրանից ցածր չենք իրացնելու, շուկայական գինն է հիմք ընդունվելու: Չի իրացվելու ամեն գնով, իրացվելու է հնարավորինս բարձր գնով»:
Պարոն Հայրապետյանը վստահ չի՝ 1.5 մլրդ գնահատված այդ գանձերն իրականում ինչքան մուտք կապահովեն. «Անորոշ է, չգիտենք՝ կիրացվի, չի իրացվի: Եթե տեսնենք, որ չի իրացվում, դժվար իրացնելի է կամ եթե մարգարիտի ճակատագրին արժանանա, դրա մասին խոսելն ավելորդ է: Մտածում ենք հիմա ինչպես իրացնենք, որ այդ զարդերը դառնան լիկվիդային: Մարգարիտի 1 գրամը 60 դրամ է, Վերնիսաժում ամսական 5-6 շարան է վաճառվում շուկայում, ուսումնասիրել ենք»:
Բոլոր զարդերը վաճառվելու են բաց, հրապարակային աճուրդով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ