Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական այն ուժը, որը սկսեց մեղադրել ժողովրդին, պետք է արագ դուրս գա քաղաքական դաշտից». Ռ. Հակոբյանը՝ «Ելքին» (Տեսանյութ)

Հունվար 18,2018 15:21

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը խոսեց ընդդիմության մասին եւ ասաց, որ այս ընդդիմությունը նպաստում է, որ իշխանությունը իրեն զգա Հայաստանի տեր ու տիրականը, ուղղորդի մեր երկիրը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ դուք ընդդիմության մասին խոսեցիք, ճիշտ այդ քննադատությունները կային ընդդիմության հասցեին, երբ դուք «Ժառանգություն» խմբակցությունից էիք, ի՞նչը հիմա այն չի անում ընդդիմությունը, որ չի կարողանում իր հետեւից ժողովուրդ տանել, որովհետեւ երբ խորհրդարանական ընդդիմությանը մենք հարցնում ենք, ասում են՝ ամեն ինչ անում ենք, տեսեք, թանկացումների դեմ երթ ենք անում, ժողովրդին ուզում ենք փողոց հանել, ի՞նչը այն չեն անում, կողքից հիմա կարո՞ղ եք ընդդիմության սխալները տեսնել:

Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ասացիք, որ երթեր պիտի կազմակերպեն, ես չեմ հավատում դրա անկեղծությանը, գիտե՞ք ինչու, եթե իսկապես խնդիր է դրված օգնել ժողովրդին այս պահին, որեւէ քաղաքական ուժ, որը նախաձեռնում է, պետք է կարողանա համախմբել ամբողջ քաղաքական դաշտը, ՀԿ-ներին, թիմ մեկ պայմանը դա պետք է լինի: Դրա համար պետք է ինքը նախաձեռնի հանդիպումներ, գնա շատ թե քիչ հայտնի քաղաքական ուժերի, ՀԿ-ների մոտ, ասի, որ ժողովրդի վիճակն այսպես է, եկեք միասին կարողանանք կազմակերպել ժողովրդական ինչ-որ քայլ եւ կարողանալ համախմբել հանրությանը: Սա ավելի շատ հասարակական կազմակերպության օրակարգ է, ոչ թե քաղաքական ուժի, եթե պահանջներն էլ գիտեք, դա քաղաքական պահանջ չի, ինչ դրված է: Ինչ է արվում, որ ես նախապատրաստում եմ միտինգ, թե երթ եւ կարող եք միանալ: Հարց՝ ո՞վ պետք է միանար, որեւէ քաղաքական ուժ հայտարարություն չարեց, որ մենք միանում ենք, որովհետեւ հասկացան, որ այստեղ խնդիր դրված չի միասնական ուժերով պայքարել գների բարձրացման դեմ, խնդիր է դրված ընդդիմադիր դաշտում ասել, որ ես եմ հիմնական թելադրողը, ես եմ այդ ցավով ապրողը, PR-ի հարց կա: Շատ խելք պետք չի ունենալ, միջին թվաբանական մտավոր կարողություն ունեցող մարդը հասկանում է, որ մի քիչ ուրիշ բան է դրված այդտեղ, դրա համար ոչ ոք չարձագանքեց: Այս նարցիսիզմը նաեւ մեր ժամանակ, այս 30 տարիների ընթացքում թույլ չի տալիս համախմբվել: Ժամանակն է դուրս գալ ես ամենակարողն եմ, ամենալավն եմ, ամենաայլընտրանքայինն եմ վիճակից»:

Ըստ պարոն Հակոբյանի, պետք չի ժողովրդին ասել՝ ամսի 19-ին ինչքան ժողովուրդ դուրս գա փողոց, դրանից կերեւա՝ ժողովուրդը կո՞ղմ է թանկացումներին, թե՞ ոչ, կարելի՞ է շանտաժ անել: Նա ասաց, որ ընդդիմության հիմնական սխալն այն է, որ կարծում են, թե ժողովուրդը, որը իշխանությունների հետ չի, նշանակում է հենց իր կողքը պետք է կանգնի. «Ոչ, դա քաղաքական չի, դու պետք է համոզիչ լինես: Եթե նրան չեն սիրում, չի նշանակում, որ քո կողքը պետք է կանգնեն: Այն, ինչ տեսնում եմ հիմա, ես չեմ կարծում, որ դա հաջողություն կունենա: Դրա համար ընդդիմությունը պետք է շատ լուրջ վերաբերվի եւ կարողանա լուրջ աշխատանք կատարել»:

Մեր հարցին՝ եթե թանկացումների դեմ երթը քաղաքական օրակարգ չէ, քառյակի-եռյակի քաղաքական պահանջները, որ դրվեցին, ի՞նչ արդյունք տվեցին, «Ելքը» հայտարարում է, որ չի գնալու նախորդ ընդդիմադիրների ճանապարհով, ժողովրդին անտեղի դուրս չի բերի փողոց, հետո հիասթափեցնի, հիմա ո՞րն է ճիշտը՝ քաղաքական պահանջներ դնել ու չարդարացնե՞լ, թե՞ չդնել այդ պահանջները՝ պարոն Հակոբյանը պատասխանեց, որ եթե այսօր նա խոսում է սխալների մասին, չի նշանակում, որ իրենք անսխալական են եղել, բայց զուտ քաղաքականության առումով «Ելքի» օրակարգը քաղաքական չէ:

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նախորդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիրները քաղաքական պահանջներ դնում էին՝ վարչապետի, կառավարության հրաժարական, հետո գալիս էր նախագահի հրաժարականի հարց. «Թե ինչ եղավ, դուք գիտեք: Սխալ ենք եղել, ճիշտ չենք արել, որ ենթարկվել ենք, ճիշտ չենք արել 96-ին, 13 թվականին, բայց մենք մեր սխալներից չենք սովորում»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը «ստրախովկա» է անում, ասում է, որ եթե ժողովուրդը թանկացումների դեմ երթին չգա, ուրեմն չի բողոքում, հետո էլ իրենց չեն մեղադրի, որ այս խնդիրը չեն բարձրացրել: Նա համաձայն չէր, որ թանկացումները քաղաքական հարց չէ. «Իրենք օրենսդրական հարց են ուզում լուծել: Դա քաղաքական է:

Իսկ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Երբ ասում են՝ ժողովուրդը չեկավ, ուրեմն չի բողոքում, շատ արագ զգացվում է, որ շանտաժ է, դա չի կարող քաղաքական տեխնոլոգիա լինել: Եղբա՛յր, համոզիչ եղիր, կգամ, եթե չեմ գալիս, չի նշանակում, որ ես կողմ եմ թանկացումների, չեմ գալիս, չեմ վստահում քեզ, քո անկեղծությանը: Քաղաքական այն ուժը, այն գործիչը, որը սկսեց մեղադրել ժողովրդին, որ իր հետեւից չի գնում, նա քաղաքականության հետ որեւէ կապ չունի, պետք է շատ արագ դուրս գա քաղաքական դաշտից, որովհետեւ նա նույնիսկ խոչընդոտում է քաղաքական նորմալ զարգացումներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031