Հունվարի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության և Իրանի ազգային թանգարանի կողմից կազմակերպվեց «Հայաստան. մշակութային երեկո» միջոցառումը, որին մասնակցեցին ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության փոխնախագահ Մոհամադ Հասան Թալեբիանը և պետական այլ պաշտոնյաներ, իրանական մշակութային և հասարակական գործիչներ, Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարյանը, պատգամավորական ժողովի ու թեմական խորհրդի անդամներ և հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:
Միջոցառումը նվիրված էր 2017թ. հոկտեմբերի 17-ից բացված և երեք ամիս տևած «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի աշխատանքների ամփոփմանը: Երեկոյի ընթացքում տեղի ունեցան «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» կատալոգի և Մարիամ Դարայի հեղինակած «Ուրարտական սեպագիր արձանագրություններ Իրանից» գրքի շնորհանդեսները:
Ելույթներով հանդես եկան դեսպան Արտաշես Թումանյանը, Մոհամադ Հասան Թալեբիանը, Իրանի ազգային թանգարանի տնօրեն Ջեբրաիլ Նոքանդեն և այլոք:
Բոլոր ելույթներում անդրադարձ եղավ վերոնշյալ մշակութային միջոցառման բացառիկ հաջողությանը, նշվեց, որ ցուցահանդես է այցելել 45 հազար իրանցի և օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ, գիտնականներ, հետազոտողներ, միջազգային կառույցների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և այլն:
Ցուցահանդեսի անցկացման եռամսյա ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք գիտագործնական կոնֆերանսներ: ԻԻՀ ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին ցուցահանդեսի աշխատանքների ընթացքը: Հազարավոր մարդիկ հաղորդակցվեցին ուրարտական մշակույթի և քաղաքակրթության բարձր արժեքներին. մի բան, որ լավագույնս խորհրդանշում է հայ-իրանական հինգհազարմյա պատմությունը:
Երեկոյի ընթացքում համերգային ծրագրերով հանդես եկան երաժշտական խմբեր, ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլոց ստեղծագործությունները:
ՀՀ ԱԳՆ