Հունվարի 18-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտարարեց նոր ուսումնական տարվանից Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատություններում նախատեսվող երկու նոր ուղղությունների մասին: Խոսքը վերաբերում է Հայաստանում Ֆրանսիական համալսարան գործելու համար նախապատրաստական ավագ դպրոցի բացմանը եւ համալսարանի նոր` ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետին: Դեսպանի կարծիքով, այդ երկու կրթական հաստատությունները կարեւորագույն դերակատարություն կունենան Հայաստանի կրթական միջավայրում:
Նա փաստեց, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավելի քան 80%-ն ապահոված է աշխատանքով, 90%-ը ուսումնառությունից հետո մնում է Հայաստանում, ինչ վերաբերում է Ֆրանսիական դպրոցին, դեսպանի խոսքով՝ սովորողների 40%-ից ավելին տեղաբնակ հայեր են: Ֆրանսիական ավագ դպրոցը լիցենզավորված է ԿԳ նախարարության կողմից: Դպրոցի նոր բաժնում սովորողները, որոնք ցանկանում են ընդունվել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետ, հնարավորություն կունենան հայկական ծրագրերից բացի, խորացված ուսումնասիրել ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, տնտեսագիտություն եւ ինֆորմատիկա:
«Այս տարի Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը , եւ այս առիթով համընկնում են ինչպես Ֆրանսիական դպրոցի մեկնարկը, այնպես էլ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում նոր ֆակուլտետի բացումը»,- հավելեց Ժոնաթան Լաքոտը:
Մանրամասները` տեսանյութում:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան Մարկ Լավեստը նշեց, որ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա կրթական ծրագրի ներդրմամբ համալսարանը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը` ապահովել գերազանց ուսուցում եւ ձեւավորել ֆրանկոֆոն վերնախավ Հայաստանում:
Նոր ֆակուլտետը կբացվի սեպտեմբերից` Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարանի հետ համագործակցությամբ, շրջանավարտները կստանան հայկական եւ ֆրանսիական դիպլոմներ:
Ռեկտորի խոսքով, իրենք առաջարկում են Հայաստանի աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող կրթություն: Նա ընդգծեց, որ ամեն տարի նորագույն տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում գրանցում է ՀՆԱ 1% աճ եւ միջազգային կառույցների կանխատեսումներով,առաջիկա 10 տարիների ընթացքում ոլորտի եկամուտը կկազմի ՀՆԱ-ի 20%-ը: Ժան Մարկ Լավեստը հղում անելով վիճակագրությանը, ասաց, որ ներկայումս այդ ոլորտում ավելի քանի 2000 աշխատատեղ է թափուր մնում որակյալ մասնագետների բացակայության պատճառով:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ