Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձնական ներդրված պրոբացիոն ծառայությունը Հայաստանում ունի 3090 շահառու». Նավասարդյան

Հունվար 18,2018 14:14

«Պրոբացիայի ծառայության ներդրման վերջնական նպատակը կրկնահանցագործության ռիսկի նվազեցումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պրոբացիոն ծառայության մեկուկես տարվա աշխատանքն ամփոփելիս ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

ՀՀ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանն էլ նկատեց, որ փորձում են նախ հասկանալ շահառուի խնդիրները եւ դրա վրա թիրախավորված աշխատել: Օրինակ, եթե անձն ունի կրթության խնդիրներ, ուղղորդում են կրթական խնդիրները լուծելու համար պատասխանատու մարմնին. «Այդ ընթացքում մենք իրականացնում ենք վերահսկողություն՝ փորձելով նրանց հետ բերել դեպի հասարակություն: Այն, որ անձը պիտակավորվում է, որ դատապարտյալ է, իր համար մեր հասարակությունում դեռևս բարդություն առաջացնում է, բայց երբ մենք ենք ուղղորդում զբաղվածության կենտրոններ, փորձում ենք բացատրել, որ նրանք պետք է աշխատանք գտնեն և կարողանան վերաինտեգրվել հասարակությունում»:

Պարոն Նավասարդյանի տվյալներով, փորձնական ներդրված պրոբացիոն ծառայությունը Հայաստանում ունի 3090 շահառու, նրանք ոչ մեծ և միջին հանցագործություններ կատարած անձինք են. «Մեկուկես տարի առաջ մենք առաջին անգամ փորձարկեցինք պրոբացիայի ծառայությունը: Այս ծառայության փորձարկմամբ ՀՀ կառավարությունն ամրագրեց և հաստատեց վերականգնողական արդարադատության համակարգերի ներդրումը, սա նշանակում է, որ պատժի նպատակներին մենք ակնկալում ենք հասնել ոչ միայն անձին ազատազրկման մեջ պահելով, այլև նրան վերասոցիալականացնելով ու պատիժն իրականացնելով՝ առանց ազատությունից զրկելու»:

Սուրեն Քրմոյանն էլ հավելեց. «Փորձելու ենք պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը դարձնել ավելի պրոֆեսիոնալ: Հուսով եմ, որ մենք կհասնենք նրան, որ շահառուների շրջանում կրկնահանցագործության ռիսկը էապես կնվազի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031