Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրենք նախագահը Գալուստ Գրիգորիչն է, ի՞նչ է դրանից փոխվելու». Կարեն Քոչարյան

Հունվար 18,2018 14:05

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասաց, որ մեր տարածաշրջանը ամենառազմականացված գոտիներից մեկն է, լուրջ մարտահրավերներ կան մեր երկրի առաջ եւ պետք է դրանց դիմակայել:

Պարոն Հակոբյանը նշեց, որ ընդդիմությունն ու իշխանությունը երկու կողմերն էլ խաղում են նույն խաղի կանոններով, յուրաքանչյուրին թվում է, որ ինքն է միակը, լավագույնը չծախվածը, չհաճախորդվածը, ինքն անփոխարինելի է: Ընդդիմադիր դաշտը այդ նարցիսիզմը պառակտում է եւ դրանից նաեւ օգտվում է իշխանությունը: Իշխանությունն էլ մտածում է, որ միայն ինքը կարող է առաջնորդել Հայաստանը, օգտվում է ընդդիմության այս վիճակից: Նրանք կարողանում են ներկայանալ առանց այլընտրանքի, որովհետեւ ընդդիմությունն է այդ դաշտը ստեղծում:

Ըստ Ռուբեն Հակոբյանի, պետք է համոզիչ այլընտրանք լինի ընդդիմությունը, որ ընդդիմության հետեւից ժողովուրդը գնա, ոչ թե անընդհատ մեղադրեն ժողովրդին, թե չեն հասկանում իրենց, ծախվում են:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց, որ Հայաստանը պետք է այնքան զգոն լինի, որ տարածաշրջանի մարտահրավերների դեպքում ոտնատակ չընկնի: Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին՝ Քոչարյանն ասաց, որ ապրիլի 9-ին սկսում է նոր քաղաքական փուլ եւ ընդդիմությունն ու իշխանությունը խնդիր ունեն դիրքավորվելու, իրենց տեղը ֆիքսելու:

Հարցին՝ նախագահի, վարչապետի հավանական թեկնածուները ովքե՞ր են ըստ ձեզ՝ Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Ժողովուրդ, ենթադրենք, X-ը չի, Y-ն է, մի 20 օրից իմանալու եք, միեւնույն է, դա լինելու է ՀՀԿ-ի ուզած մարդը, այնպես չի, որ դա ընդդիմությունից է լինելու, օդից է գալու, Մարսից է գալու: ՀՀԿ-ն է որոշելու ամեն ինչ: Ենթադրենք, Գալուստ Գրիգորիչն է, ի՞նչ է դրանից փոխվելու»: Նա ասաց, որ մանր-մունր բաների հետեւից ենք ընկնում ու ռեալ բաները բաց ենք թողնում:

Նարցիսիզմի մասին խոսելիս Կարեն Քոչարյանն ասաց,որ դրա հիմնադիրը անկախ ՀՀ-ի պատմության մեջ եղել է Պարույր Հայրիկյանը. «98-ին, երբ իշխանության թեկնածուն Քոչարյանն էր, Վազգեն Մանուկյանն ասում էր՝ տարի ու կես առաջ ես եմ ընդդիմության առաջին դեմքը եղել, մյուսն ասում էր՝ ես եմ, Կարեն Դեմիրճյանն էր, ժողովուրդը ավելի շատ այդ կողմ էր գնում, էլի չեկան ընդհանուր հայտարարի: Հետո Արթուր Բաղդասարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան, դա մի՛շտ է եղել»:

Ռուբեն Հակոբյանն ասաց, ընդդիմությունը պետք է հասկանա, որ «կինոյի լավ տղայի» դերով ընդդիմության դաշտում խաղալը ոչ մի լավ բանի չի բերում:

Մենք ճշտեցինք՝ ընդդիմություն ասելով՝ ո՞ր ուժերին նկատի ունեք՝ պարոն Հակոբյանը պատասխանեց. «Օրինակ, այս պահին ռեալ ընդդիմության կերպարով ուզում եմ ներկայացնել խորհրդարանական «Ելքը», «Ելքի» տարբեր կուսակցությունների մասին տարբեր կարծիք ունեմ, միասնական «Ելքն» է, բայց ամեն պահ ուզում է ցույց տալ, որ ես եմ հիմնական խաղացողը եւ ուզում է խաղի կանոններ թելադրի: Ես ուզում եմ, որ այդ խաղի կանոնները լինեն գրագետ եւ համոզիչ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031