Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Հունվար 18,2018 13:52

Հունվարի 18-ին կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը, որը մասնագիտական ուսումնասիրության է ենթարկվելու աշխատանքային խմբի անդամների կողմից և համապատասխան դիտարկումներից ու առաջարկներից հետո վերջնականացվելու է։

Վահե Նիկոյանը նշել է, որ ցանցի նախագիծը հասարակական տրանսպորտի նոր համակարգի ձևավորման հիմքն է, և սա բարեփոխման ամբողջ գործընթացի որոշիչ փուլերից մեկն է։ Ըստ այդմ, անհրաժեշտ է մինչև վերջնական տարբերակի հաստատումը հաշվի առնել բոլոր առանձնահատկություններն ու մասնագիտական խմբի և հանրության դիտարկումները։ Նշվել է, որ նոր նախագծով խորհրդատու կազմակերպության մասնագետները կարողացել են լուծել բարեփոխման հիմքում դրված կարևորագույն խնդիրը՝ առաջարկելով օպտիմալ լուծումներ։ Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է շուրջ երեք անգամ կրճատել առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը։ Ըստ այդմ, ներկայիս երթուղային 115 գծերի փոխարեն կգործի 42 երթուղի, իսկ առկա 2039 փոխադրամիջոցների փոխարեն՝ 939 տրանսպորտային միջոց։ Նոր ցանցի տրամաբանությամբ` տրանսպորտային միջոցները, ի տարբերություն առկա համակարգի, գործելու են փոխլրացման սկզբունքով։

«Ներկայացված նախագծով բացառվելու են կրկնվող գծերը։ Միևնույն ժամանակ տրանսպորտային միջոցները հավասարապես հասանելի են լինելու մայրաքաղաքի բոլոր հատվածներում՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ, հուսալի և պատշաճ սպասարկում։ Ի պատիվ խորհրդատու կազմակերպության, պետք է նշեմ, որ իսկապես մանրակրկիտ աշխատանք է կատարվել նոր ցանցի նախագծման շրջանակում, որի շնորհիվ շուրջ երեք անգամ կրճատվում է առկա տրանսպորտային միջոցների և գծերի քանակը, որոնք նախկինում ձևավորվել էին իրավիճակային լուծումների հետևանքով և որպես այդպիսին տրամաբանական ցանց չէին կազմում։ Հարկ է նաև նշել, որ նոր ցանցի նախագծման համար այսօր առկա երթուղիները հիմք չեն հանդիսացել», – նշել է Վահե Նիկոյանը։

Համաձայն նախագծի՝ նոր ցանցը նախատեսված է ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի համար և բացառում է միկրոավտոբուսների շահագործումը։ Բացի այդ, հաշվի են առնվել մի շարք նորմատիվներ, որոնք վերաբերում են ճանապարհների և ներկայիս կանգառահատվածների թողունակությանն ու տեխնիկական հնարավորություններին, ուղևորահոսքերի ծավալին, տրանսպորտային միջոցների ժամանման հաճախականությանը։

Հիշեցնենք, որ հասարակական տրանսպորտի մասնագիտորեն հիմնավորված ցանցի նախագծումը, որպես այդպիսին, Հայաստանում առաջին անգամն է իրականացվել։

Նոր ցանցի մասնագիտական ուսումնասիրությանն ու վերջնական հաստատմանը հաջորդելու են բարեփոխման մյուս փուլերի շուրջ աշխատանքները, ինչպես նաև նոր ցանցի առանձնահատկությունների վերաբերյալ հանրային լայն իրազեկումը։

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031