Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մանգասարյանը հերոս էր իր կեցությամբ և կարող էր հերոսաբար շարունակել քայլարշավել իր կյանքի հետագիծը, եթե…

Հունվար 18,2018 13:22

Մենք հերոսներ ծնող ժողովուրդ ենք։ Իմ որդին (իմ քրոջ որդին) հերոս էր՝ հերոսական դաստիարակությամբ, հերոսական ապրելակերպով ու հերոսական ծառայությամբ։ Նա հերոս էր իր կեցությամբ և կարող էր հերոսաբար շարունակել քայլարշավել իր կյանքի հետագիծը, եթե․․․ եթե իր գոյության ընթացքը՝ իր անձնազոհ դրսևորմամբ և իր օրինավոր պատասխանատուների կողմից տրված «ապաշնորհ և անփույթ» որակավորմամբ, չսահմանափակվեր երկրի վրա որպես հայորդի։ Բայց նրա ունեցած թանկարժեք չափանիշների, և այլոց ունեցած տգետ արժևորումների ու հեղհեղուկ դիրքորոշումների արդյունքում, մենք ունեցանք անարժեք պատառոտված դիակ։

Մենք հերոսներ ծնող, հերոսներ դաստիարակող ժողովուրդ ենք։ Որքան էլ, որ մեր հայրը և մայրը (կառավարությունը և բանակը ) մեզանում «խաչագողներ» տեսնեն, միևնույնն է, այս պետության պահպանված պատառիկի ողջ փառքը մերն է։

Մենք լավը չենք, ես համաձայն եմ դրա հետ, որովհետև մենք չենք սիրում միմյանց, մենք ողջ աշխարհով սփռված իրար հետ չենք կամենում յոթ քայլ կատարել, որովհետև թեև մենք նույն ազգությունից ենք, բայց խորշում ենք միմյանցից, թեև մենք ապրում ենք դեմ դիմաց, բայց իրար հետ ընդհանուր ոչինչ չունենք։

Օտար երկրներում թեև լիզում ենք երկրի տերերի ոտքերը, նույն երկրում հերոսացած մեր ազգակիցների վրա թքած ունենք (հպարտանում ենք նրանցով) օտարների առաջ։

Մենք ազգություն ենք, որը հպարտանում է իր առաջինը քրիստոնեությունը ընդունելու առիթով, բայց ինքը Աստվածաշունչը՝ իր սեփական հավատամքի դասագիրքը, ծայրից ծայր գոնե մեկ անգամ կարդացած չկա։

Իմ որդին ամեն վայրկյան պատրաստ էր զոհվելու Ձեզ համար, ո՛վ հայ ժողովուրդ, և ես համոզված եմ, որ նա այդպես էլ վարվեց, երբ ապաշնորհ իր զինակցի անփույթ դրսևորումից մահասփյուռ հակատանկային նռնակը հայտնվեց իր հերոսավճիռ որոշման շրջանակներում։

Նա զոհվեց հերոսի նման, թեև նրան հերոս տեսնելու փառավոր տեսողությանը հանրությանը տեղեկացնելու փաստի համար մեր «հորն ու մոր» համար դատավարություն է պետք։

Մենք հայ ժողովուրդս Ձեր դեմ ենք, ո՛վ մեր ծնողներ (կառավարությունը և բանակը), և իմացած եղեք, որ մենք հայտարարել ենք մեր ոչնչացումը ձեր տգիտությանը ի հեճուկս։ Մենք լքելու ենք մեր երկիրը, մենք վերածելու ենք մեր հողը գերեզմանների, մենք մատնելու ենք մեր եկեղեցիները դժոխքի դարպասների տնօրինությանը, որովհետև մենք հոգնել ենք ձեզանից, որովհետև մենք հոգնել ենք անբարոյական ծնողների զավակը լինելուց։
Քառասուներկու հավատամք մի բուռ ազգի համար։ Ու՞ր ես հայ ժողովրդի տաճար, որքան պիտի վճարահամբույրներով ջանք անեն պահպանելու քո գոյությունը, ե՞րբ ես պատրաստվում դու ապահովելու նրա համար Կենդանի Աստծո,Կենդանի հաղորդակցությունը՝ Հանուն Հոր և Որդու և Սուրբ հոգու։

Մինչև ե՞րբ պիտի փաթաթես մեզ այսօրինակ մեծամոլոր խանձարուրով։ Մենք գալարվում ենք սեփական թույնից խայթված և մենք կոչնչանանք, եթե մեր խեղդվող ձեռքը փրկարար փայտակտորից չկառչի։

Մենք հերոսաբար կռվելու և մեռնելու ընդունակ մարտիկներ ենք, ո՛վ կառավարություն, մենք քո սեփական ոլորտում անձնազոհության ընդունակ քաջազուններ ենք, ո՛վ բանակ, մենք հեռվից մեր եկեղեցիների սրածայր գմբեթներին խոյացած խաչի փառահեղ հոգեխորհրդից հողի վրա գալարվելու հոգիով գոյածնվող խաչագոյան խմոր ենք, ո՛վ առաքելական եկեղեցի։ Ճշտեք ձեր դիրքորոշումը ձեր ժողովրդի առաջ և ոչ թե ելեք դատապարտելու նրա հոգեբանությունը։ Ես ժողովրդի ձայնն եմ և ես նրա դարավոր կեցությունն եմ, թեև ես ձեր օրենքի ստրուկն եմ, բայց նաև ճշմարտության ջատագովն եմ։ Դուք եք իմ կարգավիճակի արարիչը․․․ կայացրեք ձեզ տրված որոշում կայացնելու վերջին հնարավորությունը։

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ 2017-ի նոյեմբերի 4-ին Արցախում հակատանկային նռնակի պայթյունից զոհված Հրանտ Մանգասարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031