Լրահոս
Օրվա լրահոսը

«Կին եք, չեմ ուզում է…»,-«ծռերի» գործով դատավորը՝ փաստաբանին

Հունվար 18,2018 12:52

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Աշոտ Պետրոսյանի, նաեւ՝ Կարո Եղնուկյանի, Վարդգես Գեւորգյանի, Խաչատուր Գիչյանի եւ Մանվել Աթոյանի գործով հերթական դատական նիստն այսօր լեզվակռվով սկսվեց:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց՝ քանի որ նախորդ նիստում ամբաստանյալները հրաժարվել էին պաշտպան ունենալ, նիստին մասնակցել եւ առանց դատավորի թույլտվության՝ լքել էին դահլիճը, նրանց հանդեպ սանկցիա էր կիրառվել՝ նիստերի դահլիճից մի քանի ժամով հեռացման տեսքով: Այդ սանկցիայի դեպքում, ինչպես ընդգծեց Արտուշ Գաբրիելյանը, պաշտպանի մասնակցությունը պարտադիր է դառնում, ուստի ամբաստանյալների համար որպես հանրային պաշտպաններ ներգրավվեցին դատարան ներկայացած փաստաբաններ Անուշ Մխիթարյանն ու Լուսինե Ասլանյանը:

Սա զայրացրեց ամբաստանյալներին, որոնք հայտարարեցին՝ դահլիճը լքելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ կերպ իրենք աջակցություն են հայտնել մյուս՝ հացադուլավոր ամբաստանյալներին, իսկ իրենց պաշտպաններից հրաժարվել են ժամանակավորապես:

Ամբաստանյալները հերթով ասացին, որ հանրային պաշտպանների ծառայություններից օգտվել չեն ցանկանում եւ իրենց նախկին պաշտպաններին են պահանջում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը չհամաձայնեց՝ կրկնելով նշյալ հանգամանքները:

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը փոքր-ինչ զայրույթով դատավորին հորդորեց օրենքի տառը պահպանել եւ ամբաստանյալներին հարցնել, թե արդյոք նրանք այլ պաշտպան ունեն, թե ոչ:

«Կին եք, չեմ ուզում է…»,-դիմելով Անուշ Մխիթարյանին՝ վրդովված ասաց դատավորը, ապա շարունակեց,-«արդեն ասացի, թե ինչու են ձեզ նշանակել Հանրային պաշտպանի գրասենյակից…Բա ձեզ ինչո՞ւ են ուղարկել, հելեք՝ գնացեք»:

Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը դիմելով Արտուշ Գաբրիելյանին՝ ասաց. «Հաճելի խինդով աչքեր ունեք, բայց ձեւական բաների հետեւից մի ընկեք ու նիստը մի ձգձգեք: Մենք մեր նախկին պաշտպաններին ենք ուզում: Իմ պաշտպանն Արայիկ Պապիկյանն է՝ կարգին տղա է, մյուսների ցավն էլ տանեմ»:

Ի վերջո, ամբաստանյալների նախկին պաշտպանները մտան նիստերի դահլիճ, ամբաստանյալներն էլ հաստատեցին, որ նրանց ծառայություններից են օգտվելու:

Դատավոր Արտուշ Գաբրիելյան, այնուամենայնիվ, որոշեց գործում ներգրավել հանրային պաշտպաններ Անուշ Մխիթարյանին եւ Լուսինե Ասլանյանին: Նախկին պաշտպանները հայտարարեցին, որ դատավորն անօրինական գործողություններ է կատարում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031