Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը

Հունվար 18,2018 12:48

2017 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 1210-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գործող ծաղկի վաճառքի սրահի դիմաց նույն քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Վլադիմիր Դավթյանը համաքաղաքացի, 1978թ. ծնված Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Կամո Փիրուզյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:

Վլադիմիր Դավթյանը նույն պահին բռնվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից:

Դեպքի առթիվ 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը:

Դեպքի վայրի զննությամբ` հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը:

2017թ. հունիսի 13-ին Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել է:

2017թ. հունիսի 15-ին Վլադիմիր Դավթյանին ՀՀ քրեա­կան օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և սառը զենք ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև Կամո Փիրուզյանին դիտավորությամբ սպանելու համար: Նախաքննական մարմինը, հիմք ընդունելով միայն Վլադիմիր Դավթյանի ոչ արժանահավատ ցուցմունքները, հիմնավորված էր համարել, որ նա Կամո Փիրուզյանին սպանել է վերջինիս կողմից իրեն հետապնդելու և սպառնալիքներ տալու դրդապատճառով:

2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

2017թ. սեպտեմբերի 20-ին քրեական գործը քննիչի կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն, ըստ էության, քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Սեպտեմբերի 23-ին քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Մասնավորապես, չէր կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաև հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ:

2017 թվականի սեպտեմբերի 29-ին քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կատարած մեծածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներն են ձեռք բերվել է, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վ.Ա.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Վ.Ա.-ի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է Կամո Փիրուզյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի հետ նույն վարույթում:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալավերդի քաղաքի տվյալ հատվածը հանդիսանում է քաղաքի առավել մարդաշատ վայրերից մեկը և դեպքի պահին էլ եղել է բազմամարդ:

2017 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին և նույն օրը նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով՝ սպանություն, որը կատարվել է պատվերով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ ապօրինի կերպով հրազեն և սառը զենք պահելու և կրելու համար:

2018թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի՝ իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վ. Ա.-ն, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է: Նույն օրը «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել և Վ.Ա.-ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.-ն և Ա. Հ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031