«Ելք» դաշինքը, ինչպես հայտնի է, «Ո՛չ թանկացումներին» կարգախոսով երթ է նախաձեռնել: Ինքնին հասկանալի է նաեւ, որ «Ելքի» նպատակը սոսկ երթ անելը չէ ու միայն թանկացումների մասին չէ, որ պատրաստվում են խոսել Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը:
Թեպետ, այս պարագայում «պատրաստվում են խոսել» ձեւակերպումն այնքան էլ տեղին չէ, քանի որ հիշատակված եռյակն ու նրանց համախոհները վերջին 5-10 օրվա ընթացքում հենց միայն դրա մասին էլ խոսում են՝ հարցազրույցներ տալիս, հայտարարություններ անում ԱԺ ամբիոնից եւ այդպես շարունակ:
Որքան էլ դա ոմանց ու, առաջին հերթին, ծայրահեղականորեն տրամադրված կամ նման շրջանակներին հարող անձանց տարօրինակ թվա, «Ելքի» ներկայացուցիչները թանկացումների վերաբերյալ իրենց հայտարարություններում մեղադրանքի սլաքներն ուղղում են իշխանություններին։
Հեգնանքը՝ հեգնանք, բայց իսկապես էլ՝ ո՞ւմ պիտի քննադատեր կամ թեկուզ մեղադրանքներ ուղղեր ընդգծված ընդդիմադիր խորհրդարանական ուժը, եթե ոչ հենց իշխանություններին: Նախատեսվող երթի հետ կապված հասկանալի է, որ «Ելքը» նաեւ զուգահեռ նպատակներ է հետապնդում, ինչի մասին խոսելու առիթ արդեն ունեցել ենք:
Պարզ է, որ առաջիկա ներքաղաքական ակտիվացմանն ընդառաջ, «Ելքը» խնդիր ունի դրսեւորվել ոչ միայն որպես խորհրդարանական ուժ, այլեւ ցույց տալ, այսպես կոչված, «փողոցային պայքարի» իր հնարավորությունները: Բայց այս դեպքում դիտարկման առարկան այլ բան է:
Արի ու տես, որ այսօր, իսկ ավելի ճիշտ՝ «Ոչ թանկացումներին» կարգախոսով երթի մասին հայտարարելուց գրեթե անմիջապես հետո, «Ելքի» ու դաշինքի այդ նախաձեռնության դեմ հետեւողական հակաքարոզչություն են ծավալել, այսպես ասած, ծայրահեղականորեն տրամադրված շրջանակներն ու նրանց հարող-համակրող անձինք: Իշխանության ներկայացուցիչները կարող են առանձնապես չանհանգստանալ, քանզի հիշյալ շրջանակները հնարավորինս ակտիվ զբաղված են առնվազն հրապարակային հարթակներում «Ելքի» նախաձեռնության չեզոքացման հարցերով:
Ժիրայր Սաֆիլյանի հրապարակային կողմնակիցները, որ նրա նախաձեռնած հերթական ճակատի ձեւավորման ու ակտիվացման վրա են կենտրոնացած, այնքան են սեւեռել «Ելքին» չեզոքացնելու վրա, որ Պետրոս Մակեյանն անգամ «Ելքին» է մեղադրում… թանկացումների համար: Սա՝ դեռ չհաշված ՀԱԿ-ին հարող շրջանակների հրապարակային կսմիթները:
Ընդհանուր առմամբ բացատրելի, բայց միեւնույն է՝ չափազանց հետաքրքիր երեւույթ է, ու երեկ դրա նոր դրսեւորումներ արձանագրվեցին:
Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն, օրինակ, ասուլիսում հետեւողականորեն քննադատում էր… «Ելք» դաշինքի գործունեությունը:
Ա. Հակոբյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում