Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ տարբեր ոլորտներում կուտակվել են իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի եւ այլ վճարների պարտավորություններ: Հաշվի առնելով, որ այդ ապառքների, տույժերի եւ տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումներին, լուծում չեն ստացել, ըստ նրա, անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում, ինչի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը եւ կանխել հետագայում նման ծավալի ձեւավորումը:
Վարչապետը Տարածքային կառավարման եւ զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեին եւ մարզպետներին հանձնարարեց, մեկամսյա ժամկետում ամփոփել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտադիր վճարների մասով ունեցած պարտավորությունների մարման լուծման մեխանիզմները:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ հարցրեց. «Պարոն Մարգարյան, նման խնդիր ձեզ մոտ կա՞»: Ի պատասխան, Տարոն Մարգարյանն ասաց, որ վարձակալության բազայում ունեն նման խնդիրներ: Նա խնդրեց իրենց էլ ներառել այդ քննարկումներին:
«Խնդիրը ինչի մասին է, որպեսզի ճիշտ ընկալվի: Մենք պետք է մի անգամ ֆունդամենտալ այդ խնդիրը լուծենք, մաքրենք եւ մաքուր էջից սկսենք: Ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, մենք առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան եւ վերջում դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ փաստարկված, տրամաբանական, գուցե եւ համարձակ առաջարկ տրվի»,- ասաց վարչապետը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ