Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիժկովի կարծիքով՝ Ոուսաստանի օրինակով մյուս հետսովետական երկրները շատ են «արտաքին թշնամի» փնտրում, այնինչ կարող են սկսել բարեփոխումներ. «168 ժամ»

Հունվար 18,2018 11:50

Ռուս-ամերիկյան ցնցումների ազդեցությունը մեղմելու նպատակով, ըստ մի շարք փորձագետների, Հայաստանը պետք է գոնե վերանայի իր քաղաքականությունն առանցքային մի քանի ուղղություններով։

«168 ժամի» հետ զրույցում ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովն ասաց, որ մինչ արտաքին քաղաքականության վերանայումը ներքին և արտաքին քաղաքականության, տնտեսական ռազմավարության ճիշտ գնահատում պետք է իրականացվի։ Ըստ նրա՝ պետք է կենտրոնանալ ոչ թե պատժամիջոցների ազդեցության վրա, որն արտաքին մարտահրավեր է, պատրաստվել դրան, դրանից ելնելով՝ ինչ-որ բաներ փոխել, այլ ներքին մարտահրավերների վրա կենտրոնանալ, դրանք լուծել, որոնք առաջին հերթին՝ թուլացնում են երկիրը։ Հետսովետական բոլոր երկրները, նրա կարծիքով, ունեն ժողովրդավարացման, բարեփոխվելու կարիք։

Ռիժկովի կարծիքով՝ Ոուսաստանի օրինակով մյուս հետսովետական երկրները շատ են «արտաքին թշնամի» փնտրում, այնինչ կարող են սկսել բարեփոխումներ։ «Այդ բարեփոխումներին, ամուր, կայուն պետություն ստեղծելուն ոչ մեկը չի խոչընդոտում։ Լեհաստանն արեց, չէ՞, դա։ Արևելյան գործընկերության որոշ երկրներ դա փորձում են անել, քանի որ նրանք ևս ժամանակ են վատնել, ընկղմված են եղել կոռուպցիայի մեջ։ Պատժամիջոցներին դիմագրավելու հիմքը պետք է լինի ամուր երկիրը, կայուն տնտեսությունը»,- ասաց Ռիժկովը։

Նրա խոսքով՝ այս կոնցեպտը գործում է նաև Հայաստանի դեպքում։ Նրա կարծիքով՝ պետք է բարեփոխվել, դրան այլընտրանք չկա։ «Չպետք է մտածել, հորինել այնպիսի բաներ, որոնք դժվար է, լուծումը շատ հեշտ է, այդ օրինակները շատ են»,- ասաց նա։

Նրա դիտարկումների համաձայն Ռուսաստանում արտաքին թշնամին ԱՄՆ-ն է, իսկ այլ երկրներում՝ Ռուսաստանը, գուցե այլ երկրներ։ «Դրանք պատճառաբանություններ են, արդարացումներ։ Ես այսպես եմ գտնում։ Պետք է օր առաջ սկսել ժողովրդավարացման գործընթացները։ Դրա համար պետք է Ռուսաստանում և այլ հետսովետական երկրներում հրաժարվել արտաքին թշնամու կոնցեպտից։ Նույնը՝ նաև Հայաստանի դեպքում։ Ամեն խնդրի դիմակայությունը թեթև կանցնի, եթե երկիրը դրան միշտ պատրաստ լինի տնտեսապես և քաղաքականապես, դրա համար պետք է վերացվեն նաև արտաքին կախվածությունները, հավասարակշռված արտաքին հարաբերություններ պետք է սահմանվեն։ Սա է բանաձևը»,- նման համոզմունք հայտնեց Ռիժկովը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031