Նկատենք, որ Սահմանադրության՝ ՀՀ նախագահին ներկայացվող պահանջների ցանկում ներառված չեն Ս. Սարգսյանի ներկայացրած հավելյալ չափանիշները: Ըստ մայր օրենքի՝ ՀՀ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: ՀՀ նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ, մեկ անձը կարող է ընտրվել մեկ անգամ:
Եվ այսպես, նախագահի թեկնածուների փնտրտուքն սկսված է, հավակնորդների անունները՝ շրջանառության մեջ դրված, սակայն շրջանառվող անունների ցանկում առայժմ դժվար է գտնել այն ««սուպերմենին»», ով կարող է անցնել «քասթինգն» ու վայելելով տեղի ու դրսի լայն աջակցությունը՝ հավակնել ռեսպուբլիկան աշխարհին ներկայացնելու շնորհին:
Հավակնորդներից մեկն էլ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է: Դիտարկենք, թե ինչ կենսագրություն ունի թագավորական ընտանիքի հետ նստող-ելնող դեսպանը: Սերժ Սարգսյանի ու նրա միակ նմանությունն այն է, որ երկուսն էլ Սարգսյան են, երկուսն էլ ծնվել են հունիս ամսին՝ Ա. Սարգսյանը՝ 1953 թ. հունիսի 23-ին, Սերժ Սարգսյանը՝ 1954 թ. հունիսի 30-ին: Սակայն այսքանով նմանությունը եզրափակվում է: Արմեն Սարգսյանը ճարտարապետ Վարդան Սարգսյանի որդին է եւ, դատելով կենսագրական տվյալներից, տպավորիչ ուղի է անցել: Դիվանագիտական հարուստ փորձով (1992-ից), մի քանի երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան աշխատած, մասնագիտությամբ ֆիզիկոս, նաեւ ձեռնարկատեր Ա. Սարգսյանը Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի եւ Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ է, Համահայկական ակադեմիական եւ գիտական ընկերության պատվավոր անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։ Նա շատ կարճ՝ 1996-1997 թթ. եղել է ՀՀ վարչապետ՝ հաջորդելով Հրանտ Բագրատյանին եւ նախորդելով Ռոբերտ Քոչարյանին: Վարչապետի պաշտոնից նրա հրաժարումը մինչեւ այժմ էլ համարվում է «չպարզված հանգամանք»:
Պրոֆեսոր Սարգսյանը, դատելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերից, հարուստ է ոչ միայն անցած ուղիով, այլեւ կարողությամբ:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում