65-ամյա Արմեն Սարգսյանը ԵՊՀ ասպիրանտուրան ավարտելուց եւ տեսական ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ աշխատելուց հետո՝ 1984թ., գործուղվել է Մեծ Բրիտանիա՝ որպես Քեմբրիջի համալսարանի դասախոս։
Հետագայում, իհարկե, Սարգսյանը վերադարձել է Հայաստան եւ այստեղ զբաղվել դասախոսական գործունեությամբ մինչեւ 1992 թվականը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին նա նշանակվել է Մեծ Բրիտանիայում դեսպան, նաեւ ՀՀ գլխավոր դեսպանը Եվրոպայում։ Սակայն 1996թ. նոյեմբերի 1-ին Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետ։
1996թ. նախագահական աղմկոտ ընտրությունների եւ դրան հաջորդած իրադարձությունների արդյունքում իշխանության նկատմամբ կար հանրային վստահության պակաս։ Եվ այն ժամանակ հարկավոր էր, որ առանցքային պաշտոններում նշանակվեն թարմ դեմքեր։ Արմեն Սարգսյանը լիովին համապատասխանում էր նշված չափանիշներին, ուստի նշանակվեց նման բարձր պաշտոնի։ Նա արագ ընդունվեց հասարակության կողմից։
Բայց Արմեն Սարգսյանի պաշտոնավարումը տեւեց շատ կարճ. 1997թ. փետրվարին նա մեկնեց արձակուրդ, որից հետո՝ փետրվարի 28-ին, հրաժարական տվեց։
Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Արմեն Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, եւ դրա համար է մեկնել Լոնդոն, այնուհետեւ հեռվից հրաժարական ներկայացրել։
Ինչեւէ։ 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո Սարգսյանը կրկին դարձավ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը մինչեւ 2000 թվականը։ Այդ ընթացքում էլ հասցրեց զգալի հարստություն կուտակել։ Նրա անունը կապված է Ամուլսարի ոսկու հանքի հետ. Սարգսյանն այդ հանքը շահագործող օֆշորային գոտում գրանցված «Լիդիան ինթերնեյշնլ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է։ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ական գործարար Աշոտ Արսենյանից գնեց «Ջերմուկ ինթերնեյշնլ պեպսի կոլա բոթլեր» գործարանի բաժնեմասերը, նաեւ փայատեր է քաղցրավենիքի «Նեսթլե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում։ Եվ, վերջապես, Արմեն Սարգսյանինն է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը, որին կառավարության որոշմամբ 2013թ. մոտ 380 հազար դոլար արժողության 298 քմ մակերեսով հողատարածք նվիրվեց Կոզեռնի թաղամասում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ա. Սարգսյանը կարողացել է լուրջ կապեր ձեռք բերել միջազգային ասպարեզում, համարվում է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի ամենավստահելի անձանցից մեկը, ում օգնությամբ ինքն ու իր դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, օրինականացնում են իրենց հսկայական գումարները։ Ա. Սարգսյանը նաեւ Ղազախստանում «Բրիթիշ փեթրոլ» ընկերության ներկայացուցիչն է:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Պարզ է, որ Արմեն Սարգսյանը ժաղովրդի շահերը իր շահերից վեր չի դասի:
Ամուլսարից բացի նոր աղետների սկիզբ է դնելու: