Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը աշխարհում և տարածաշրջանում 2017-ին՝ ըստ «Freedom House»-ի

Հունվար 18,2018 10:58

Հունվարի 16-ին ամերիկյան «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։ «Ազատությունն աշխարհում 2018. ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագիրը կրող զեկույցն իրենից ներկայացնում է ուսումնասիրություն՝ աշխարհի 195 երկրներում և 14 տարածքներում քաղաքացիական և քաղաքական ազատությունների իրավիճակի մասին, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:

Հայաստանին և Արցախին վերաբերող հատվածներին մենք առավել մանրամասն արդեն անդրադարձել ենք:

Ըստ 2018թ. զեկույցի՝ աշխարհի մի շարք երկրներում 12 տարի անընդմեջ քաղաքացիական ու քաղաքական ազատությունները անկում են ապրում։ Ընդ որում, ժողովրդավարական արժեքները վտանգված են աշխարհի բոլոր տարածաշրջաններում:

Գերտերությունները

Զեկույցն արձանագրում է, որ անգամ ԱՄՆ-ն, որ տասնամյակներ շարունակ եղել է ժողովրդավարական արժեքների ջատագովն ու տարածողը ողջ աշխարհում, հրաժարվել է այդ դերից։ Ավելին՝ ԱՄՆ-ում նկատելի է քաղաքական ու քաղաքացիական ազատությունների անկում։

Ըստ «Freedom House»-ի՝ Ռուսաստանը և Չինաստանը ոչ միայն ճնշում են իրենց իսկ բնակչությանը, այլ նաև հակաժողովրդավարական գործունեություն են ծավալում իրենց սահմաններից դուրս։ Ըստ զեկույցի՝ Մոսկվան և Պեկինը ժողովրդավարությունը համարում են սպառնալիք իրենց բռնապետական ռեժիմների համար, ուստի շարունակում են հետևողականորեն պայքարել ժողովրդավարական ինստիտուտների և դրանց ջատագովների դեմ։

Տարածաշրջանը

Տարածաշրջանային երկրներից Թուրքիան, ժողովրդավարական անկում ապրելով, «մասամբ ազատ» երկրների շարքից դասվել է «ոչ ազատ» երկրների շարքին։ Իրանը և Ադրբեջանը ևս «ոչ ազատ» երկրների շարքում են մնացել։ Վրաստանը և Հայաստանը «մասամբ ազատ» են, ընդ որում Վրաստանում իրավիճակը զգալիորեն ավելի լավ է, քան Հայաստանում։ Այսպես, օրինակ, Վրաստանը 7 բալանոց գնահատման համակարգով (որտեղ 0-ն դրական ցուցանիշն է, իսկ 7-ը՝ բացասականը) ունի 3 միավոր, իսկ Հայաստանը՝ 4,5, այսինքն 1,5 միավորով ավելի ցածր, քան իր հյուսիսային հարևանը։

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, բացի Ղրղզստանից և Հայաստանից, բոլորը «ոչ ազատ» երկրների շարքում են։ Ընդ որում, Ղազախստանը և Բելառուսը ունեն 6 միավոր, իսկ Ռուսաստանը՝ 6,5 միավոր, այսինքն հնարավոր ամենավատ ցուցանիշից՝ 7 միավորից կես միավորով քիչ։ Ղրղզստանն էլ իր հերթին Հայաստանից ավելի վատ իրավիճակում է գտնվում՝ իր 5 միավորով։

Փաստորեն, Հայաստանը այս տարի ևս ԵԱՏՄ երկրների շարքում ամենաազատն է։ Այդուհանդերձ, Հայաստանի դեպքում ևս զեկույցը նշում է, որ 2017թ. ընտրությունների ընթացքում արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահում, ինչպես նաև ընդդիմության նկատմամբ ոտնձգությունների և ընտրողներին ահաբեկելու դեպքեր։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031