«Խնդրի կարգավորման վերաբերյալ մեր եւ համանախագահների դիրքորոշումներում լուրջ հակասություններ չկան: Կրկնում եմ, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, բացառապես Մինսկի խմբի շրջանակում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, քանի որ կարեւոր է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Թե ինչպես պետք է դուրս գալ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի փակուղուց՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել փոխզիջումային տարբերակի շուրջ, Շարմազանովը նշեց. «Չենք սպասում, որ մենք արագ պետք է հասնենք հակամարտության հանգուցալուծմանը: Բանակցությունների այլընտրանքը վատ բան է՝ ոչ խաղաղ կարգավորումը: Չկա առավել արդյունավետ լուծում, քան բանակցությունների ճանապարհն է: Անգամ պատերազմական գործողություններից հետո պետք է նստել եւ բանակցել: Մի խնդիր ունենք՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջը: Կարծում եմ՝ դա էլ կլինի»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ»
17.01.2018