Երեւանի ներքաղաքային երթուղիների վարորդների երեկվա գործադուլը հերթական անգամ բացահայտեց երկու ցավալի իրողություն. քաղաքային իշխանությունը մտածում է սեփական բոսսերի, ոչ թե քաղաքի եւ քաղաքացու մասին ու չի խորշում հրապարակավ ստել, Հայաստանում չկա իրական, մրցակցային շուկա եւ տնտեսություն:
Քաղաքային իշխանության վարքը
Բողոքավոր վարորդների մոտ էին եկել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, քաղաքապետի օգնական Ալբերտ Գեւորգյանը, այլ պաշտոնյաներ: Նրանք վարորդներին հրամայում էին վերադառնալ աշխատանքի, հրաժարվողների մեքենաներից պոկում երթուղու համարները՝ ցուցատախտախները, իսկ երբ տեսախցիկ էին տեսնում՝ փափկում էին եւ վարորդներին դիմում «տղերք ջան» մտերմիկ ձեւով: Սա նշանակում է, որ ոչ թե լուծում էին փնտրում, այլ կամք պարտադրում ու փորձում դա անել ծածուկ: Ուրեմն ոչ թե մարդկանց մասին էին մտածում, այլ շեֆ-բոսսերին գոհացնելու, շտապում էին րոպե առաջ զեկուցել, որ հարցը լուծված է: Այս մտքից այնքան էր ոգեւորվել, որ Ալբերտ Գեւորգյանը տասնյակ գործադուլավոր վարորդների ներկայությամբ ասաց՝ «վարորդները գործադուլ չեն անում»:
Մրցակցության բացակայություն
Վարորդները մի բան էին պնդում. նախկին մակարդակին բերեք սեղմված գազի գինը, ու կաշխատենք: Ալբերտ Գեւորգյանն ասաց՝ գազը չի էժանանա, օրվա պլանը կիջնի: Սա նշանակում է, որ չկա ազատ շուկա, քաղաքային իշխանությունն է որոշում, թե որ գործարարը ինչպես կառուցի սեփական բիզնեսը: Գործարարը չի կարող մրցակցության տրամաբանության մեջ փոխադրումների սակագին կամ մեկ մեքենայի օրվա պլան սահմանել:
Ն. Գ.
Հ.Գ. Իսկ Կարեն Կարապետյանն ասում էր, թե Հայաստանը տրամաբանական երկիր է լինելու:
«Առավոտ»
17.01.2018