Լրահոս
Օրվա լրահոսը

Սարյանի պուրակո՞ւմ էլ կառուցապատում կանեն

Հունվար 18,2018 16:00

Երեւանի քաղաքապետի թիվ 369 կարգադրությամբ՝ 1996 թվականի դեկտեմբերի 20-ին, ապա թիվ 52 կարգադրությամբ՝ 1997-ին «Կոլորիտ» ՍՊԸ-ին Սարյանի պուրակում վարձակալությամբ տրամադրվել է Զորյան 1/1 հասցեն: 1999 թվականին տասը տարով երկարաձգվել է պայմանագիրը, ապա 2011 թվականին ժամկետը երկարացվել է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ամբողջ գործունեության ընթացքում հողի վարձակալության վարձավճարները մինչ օրս մուծվել է ժամանակին, տարածքը միշտ գտնվել է բարեկարգ, կանաչապատ եւ մաքուր վիճակում։ Գործունեության ընթացքում միշտ համագործակցել ենք քաղաքապետարանի, թաղապետարանի եւ այլ կառուցների հետ։ Չունենք ոչ մի դիտողություն, այլ ունենք բազմաթիվ շնորհակալագրեր։ 2015թ. դեկտեմբերի սկզբին դիմել ենք քաղաքապետարան՝ «Կոլորիտ» ՍՊԸ-ի հողի վարձակալության պայմանագիրը երկարացնելու համար։ Քաղաքապետի գրությամբ մեզ պատասխանել են, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի երկարացում նախատեսված չէ։

«Կոլորիտ» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի` Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի 13.05.2016 թ. թիվ 20/1-23312 վարչական ակտն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք Երեւանի քաղաքապետարանին Զորյան 1/1 հասցեում գտնվող բացօթյա սրճարանի զբաղեցրած հողի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու եւ պայմանագրում փոփոխություն ու լրացում կատարելու մասին որոշումը կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Վարչական դատարանի որոշում կայացնելուց հետո, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, հողի վարձակալության պայմանագիրը երկարացվել է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ամբողջ 2017թ. հողի վարձավճարը վճարվել է նոր սակագնով։ Դիմել ենք նոտարական գրասենյակ վավերացում ստանալու համար, սակայն չի վավերացվել, քանի որ նոտարական գրասենյակը պահանջեց սեփականության վկայական Երեւան համայնքի։

Դիմել եմ Երեւանի քաղաքապետարան` համապատասխան փաստաթուղթը ստանալու համար: Ստացվել է պատասխան, որ Երեւանի քաղաքապետարանի 2017 թվականի հունիսի 9-ի թիվ 1972 որոշմամբ անվավեր է ճանաչվել Երեւանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 25-ի համար 149-Ա որոշումը, եւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2017թ. հունիսի 12-ին դադարեցվել է Երեւանի Զորյան փողոցի 1/1 հասցեում գտնվող 0.022 հա հողամասի նկատմամբ «Կոլորիտ» ՍՊԸ-ի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը:

Մինչդեռ մինչեւ մեր կողմից դիմում գրելը «Կոլորիտ» ՍՊԸ-ին ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի տեղեկացվել թիվ 1972 որոշման մասին։

«Կոլորիտ» ՍՊԸ֊ն «Մայրաքաղաք» Արվեստի գործիչների ասոցիացիա հասարակական կազմակերպության դուստր ձեռնարկությունն է, որը Մ. Սարյանի անվան պուրակում կազմակերպել է բացօթյա նկարների ցուցահանդես-վաճառք։

Ես «Կոլորիտ» ՍՊԸ-ի, եւ «Մայրաքաղաք» ԱԳԱ հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը եւ տնօրենն եմ։

Միության նպատակներն ու խնդիրներն են` նպաստել արվեստի  գործիչների    հոգեւոր եւ նյութական պահանջների բավարարմանը, նպաստել Երեւան     քաղաքի սոցիալ-տնտեսական եւ մշակութային խնդիրների իրականացմանը, բարոյական եւ նյութական օգնություն ցույց տալ Երեւան քաղաքի բյուջետային հիմնարկների առավել անապահով աշխատողներին, ինչպես     նաեւ բազմազավակ ընտանիքներին, ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց օգնություն ցուցաբերել եւ այլն: Նպատակներից է նաեւ աջակցություն ցույց տալ Երեւանի բնակիչներին իրենց իրավունքների շահերի պաշտպանության գործում, գործնական եւ մշակութային կապեր հաստատել Հայաստանի եւ Սփյուռքի հայկական կազմակերպությունների կրթօջախների գործարար մարդկանց եւ հայոց եկեղեցիների հետ՝ նպատակ ունենալով այդ կապերը ծառայեցնել Երեւան քաղաքի առաջ ծառայած մշակութային խնդիրները լուծելու գործին: Բացի այդ, մեր կազմակերպությունը նպաստում է        Երեւանի արվեստի գործիչներին իրենց ստեղծագործությունները  հանրությանը  ներկայացնելու գործում,  որպեսզի անցկացնեն համաժողովներ, գիտաժողովներ, խորհրդակցություններ։

Նշեմ, որ «Մայրաքաղաք» ԱԳԱ հասարակական կազմակերպության կողմից իրականացվել են միության բոլոր նպատակները եւ խնդիրները։

Մ. Սարյանի անվան պուրակում ցուցադրվում են ինքնուս նկարիչներ, Նկարիչների միության անդամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամներ, որոնք անձամբ ցուցադրում եւ վաճառում են իրենց ստեղծագործությունները։

Մ. Սարյանի անվան պուրակը միությանը հանձնման պահին եղել է անմխիթար վիճակում, «Կոլորիտ» ՍՊԸ-ի միջոցներով Մ. Սարյանի պուրակում կատարվել են բարեկարգման, կանաչապատման, լուսավորման աշխատանքներ:

«Մայրաքաղաք» հ/կ անդամների որոշումով դիմել ենք քաղաքապետարան եւ ստացել ենք որոշում նկարչական պիտույքների վաճառքի կրպակի տեղադրման։

Տեղեկացնում եմ Ձեզ, որ ամսվա 10֊ից 15 օրը, ժամը 9։00-ից մինչեւ 19:00-ը, միության նկարիչ անդամները օրվա 10 ժամը անցկացնում են պուրակում։

Կարիքն առաջանալու պատճառով միության անդամները, քանի որ չկային ոչ մի տարրական պայմաններ, որոշում կայացրեցին, որպեսզի դիմենք քաղաքապետարան եւ ստանանք սրճարանի թույլտվություն, որով կթույլատրվեր կառուցել զուգարան, որը բացակայում է պուրակում, եւ որը հնարավորություն կստեղծեր միության անդամներին հոգալու իրենց կարիքները: Երեւանի քաղաքապետի որոշմամբ Մ. Սարյանի անվան պուրակը 25 տարի ժամկետով հանձնվեց «Մայրաքաղաք» ԱԳԱ հ/կ-ին, իսկ քաղաքապետի 24.03.1997թ. հ. 52 կարգադրությամբ «Կոլորիտ» ՍՊԸ-ին թույլատրվել է կազմակերպել բացօթյա սրճարան։

Պուրակում ցուցադրվող նկարիչների համար ստեղծվել էին տարրական պայմաններ իրենց առօրյա կարիքները հոգալու, սնվելու եւ հանգստանալու համար։

Երեւանի քաղաքապետի 10.10.2002թ. թիվ 1787-Ա որոշմամբ թույլատրվել է Սարյանի անվան պուրակում կառուցել նկարների ցուցասրահ-պահեստ եւ զուգարան-տաղավար: Սակայն 17.02.2004թ. թիվ 203-Ա որոշմամբ անվավեր են ճանաչվել քաղաքապետարանի վերը նշված որոշումները։

Վճռաբեկ դաաարանի քաղաքացիական գործով Երեւանի քաղաքապետի 17.02.2004թ. թիվ 203-Ա որոշմամբ Երեւանի քաղաքապետարանը պարտավորություն է ստանձնել թույլատրել արվեստի գործիչների, այդ թվում՝ «Մայրաքաղաք» ԱԳԱ հ/կ-ի անդամներին անարգել կազմակերպել եւ իրականացնել իրենց ստեղծագործությունների ցուցադրումը, ինչպես նաեւ պարտավորվել է ապահովել պահեստով եւ բիոսանհանգույցներով, ինչը չի կատարվել մինչ այսօր։

Միության ստեղծման պահից ֆինանսական միջոցները հոգում է «Կոլորիտ» ՍՊԸ-ն։ Համագործակցում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա ենթակայությամբ եկեղեցիներին սրբանկարներ նվիրելով։ 2014թ. մասնակցել ենք Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Միջազգային նկարների ցուցահանդեսին։

Իսկ ԱՄԷ Շարժա քաղաքում կազմակերպել ենք ցուցահանդես-վաճառք։ Ցուցահանդես֊վաճառք ենք կազմակերպել նաեւ ՌԴ Կալինինգրադ քաղաքում, որով ճանաչվել են հայ նկարիչների ստեղծագործությունները: Մ. Սարյանի պուրակում ցուցադրվող նկարիչները Հայաստանի եւ ԼՂՀ-ի, տարբեր մարզերից են: Մ. Սարյանի անվան պուրակը թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ նկարիչների ստեղծագործություններով հիանում են ոչ միայն երեւանցիները, այլեւ Երեւան ժամանած հյուրերը։

Քաղաքապետի 2017 թվականի հունիսի 9֊ի հ. 1972 որոշումը վտանգում է Սարյանի պուրակում 21 տարի գոյություն ունեցող միության հետագա աշխատանքը, քանի որ միությունը զրկվում է իր ֆինանսական միջոցներից, իսկ  միության անդամ նկարիչները` տարրական պայմաններից: Ամբողջ պուրակում նկարիչների համար զուգարանի եւ հանգստի, սնվելու պայմանները ստեղծված էին սրճարանում։

Լուրեր են պտտվում, որ սրճարանը եւ պուրակն ունի նոր տեր։ Կատարվում է անօրինականություն, խնդրում ենք Ձեզ վերանայել 2017թ. հունիսի 9-ի հ. 1972 որոշումը:

«Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրեն

Ն. Վարդանյան

«Առավոտ»

17.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031