Լրահոս
Օրվա լրահոսը

Մելինեն դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց

Հունվար 18,2018 15:30

Անկախ հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելիս կին դատապարտյալը
կրել էր նշանակված 8 տարի ազատազրկումից 6 տարի, 3 ամիս, 11 օրը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Ա. Ազարյանի, որոշում կայացրեց ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության առնված քրեական գործով դատարանի կողմից 18.10.2017թ.-ին կայացված որոշման դեմ փաստաբան, հանրային պաշտպան Գայանե Գրիգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելու եւ Մելինե Տերտերյանին դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին:

«Առավոտին» փաստաբան Գայանե Գրիգորյանը տեղեկացրեց, որ Մելինե Տերտերյանը դատապարտվել էր 8 տարի ժամկետով ազատազրկման: Իսկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր Մելինեին 2012թ. դեկտեմբերի 7-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում:

Ի դեպ, այս գործով մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արայիկ Բրուտյանն ու պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի ներկայացուցիչ Նարեկ Հակոբյանը:
Ըստ հանրային պաշտպանի բողոքի, անցյալ տարվա օգոստոսի 11-ին «Հրազդան», «Սեւան» եւ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ Արամ Խաչատրյան, հանձնաժողովի անդամներ Հովսեփ Փանոսյան, Էլիզա Բուրջախյան, Զինավոր Սարգսյան, Երեմիա Ասատրյան, Սերգեյ Հարությունյան կազմով, քննարկել էր նույն հիմնարկի դատապարտյալ Մելինե Տերտերյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը եւ ըստ այդ նպատակով ՔԿՀ-ի կողմից ներկայացված դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքի ուսումնասիրման՝ «լսելով դատապարտյալին, նկատի ունենալով ՔԿՀ-ի կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ առարկությունների բացակայությունը», «հիմք ընդունելով գաղտնի քվեարկությամբ ձեռքբերված արդյունքները», հանձնաժողովը հանգել էր բացասական եզրահանգման: Հիմքում դրվել էր մեղադրական եզրակացություն, մասնավորապես. «նոր հանցագործություն կատարելու հավանականությունը բնորոշող հանգամանքների վերաբերյալ տալով բացասական եզրակացություն»:

Եզրակացությունը Մ. Տերտերյանի կողմից բողոքարկվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որն էլ առանց դատապարտյալի ներկայացուցչին եւ Մ. Տերտերյանին նախապես ծանուցելու, որոշել էր. «ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Մելինե Տերտերյանին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժել»: Ըստ դատարանի, նման պայմաններում դատապարտյալ Մ. Տերտերյանին Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից պայմանական վաղաժամկետ ազատելը չի բխում պատժի հիմնական նպատակներից՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, պատժի ենթարկված անձին ուղղելու, ինչպես նաեւ նրա կողմից հետագայում հանցագործություններ կատարելը կանխելու վերաբերյալ օրենսդրությամբ ամրագրված դրույթներից: Ի դեպ, այդ որոշումը ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից հանձնվել է փաստաբանին առանց ծրարի, ծրարը քրեակատարողական վարչակազմի կողմից չի պահպանվել: Պաշտպանը խնդրել էր բեկանել մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, քանի որ այն կայացվել է նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի մի շարք խախտումներով, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը ծանր հետեւանքներ կարող է առաջացնել Մ. Տերտերյանի համար:

Միայն այն հանգամանքը, որ բողոքաբեր կողմին առաջին ատյանը չի տեղեկացրել, ըստ փաստաբան Գ. Գրիգորյանի, բեկանելու հիմք կարող է դառնալ. «Չծանուցելու արդյունքում դատարանը զրկել է Մ. Տերտերյանին իր իրավունքները եւ շահերը դատապաշտպանի միջոցով իրականացնելու հնարավորությունից, ինչպես նաեւ իր պաշտպանությունը իրականացնելու նպատակով բավարար ժամանակ ունենալու եւ այդ ժամանակահատվածում պաշտպանի հետ իր մարտավարությունը ընտրելու, ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից»:

Գ.Գրիգորյանը նշել էր. «Գործի նյութերի ուսումնասիրությունից երեւում է, որ դատապարտյալ Մ. Տերտերյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր ներկայացնելու օրը կրել էր նշանակված պատժի օրենքով սահմանված մասը: Պատժի կրման սկիզբը հաշվարկվել է 2011թ. մայիսի 17-ից: Այսինքն, անկախ հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելիս Մ. Տերտերյանը կրել է նշանակված 8 տարի ազատազրկումից 6 տարի, 3 ամիս, 11 օրը»:

Պաշտպանը վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրել էր նաեւ քրեակատարողական հիմնարկում իրականացված միջոցառումներին դատապարտյալի մասնակցության հանգամանքի վրա. «Դատարանն իր վճռում հաստատված է համարել, որ Մ. Տերտերյանը նախկինում մասնակցել է հիմնարկում իրականացվող միջոցառումներին, 2016թ. հուլիսի 15-ից հրաժարվել է մասնակցել միջոցառումներին, 01.04.2015թ.-30.09.2015թ. եւ 24.12.2015թ.-31.03.2016թ. աշխատել է հիմնարկի տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտում որպես հավաքարար, պատիժ է կրում կիսաբաց ուղղիչ հիմնարկում, քաղաքացիական հայց չունի, ունի 504.258 ՀՀ դրամ դատական ծախս՝ համապարտության կարգով եւ այլն: Սակայն դատարանը, դիտավորյալ նախապես կանխակալ դիրքորոշում ունենալով Մ. Տերտերյանի հանդեպ եւ արդեն իսկ կանխորոշելով բողոքի ելքը, դիտավորյալ որպես հաստատված հանգամանք դատական ակտում 504.258 ՀՀ դրամ դատական ծախսը նշել է որպես դատական ծախսերի դեռեւս առկայություն»: Այս կապակցությամբ փաստաբանը ներկայացրել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Ա. Աֆրիկյանի կողմից 03.07.2017թ.-ին հաստատված Մ. Տերտերյանի վերաբերյալ՝ դատապարտյալի անձի եւ վարքագծի փաստական բնութագիրը, համաձայն որի՝ նշված 504.258 ՀՀ դրամ դատական ծախսն ամբողջությամբ մարված է: «Ակնհայտ է, որ դատական ակտը կայացվել է առանց հետազոտելու դատապարտյալի վերաբերյալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պարտադիր քննության առարկա պետք է դառնային բողոքի քննության ընթացքում: Մ. Տերտերյանի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքները բացառվել են, պատժի կրման ընթացքում կարգապահական տույժեր չկան»,-հայտնել էր բողոքաբեր կողմը:

Պաշտպանը վկայակոչել էր Վճռաբեկ դատարանի Լ.Ղազարյանի գործով որոշումը: Վճռաբեկ դատարանը փաստել էր. «Ինչպես ընդհանուր իրավասության առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանի պատճառաբանությունները չէին կարող հիմք հանդիսանալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժելու համար, քանի որ դատարանները միջնորդագիրը մերժելու հիմքում դրել են բացառապես դատապարտյալի կողմից նախկինում դատապարտված լինելու եւ պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո ծանր եւ միջին ծանրության հանցանքներ կատարելու հանգամանքները: Նշված հանգամանքները, սակայն, պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կանոնակարգող որեւէ իրավադրույթով նախատեսված չեն` որպես դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատումը չկիրառելու հիմք: Այսինքն` դատարանները Լ.Ղազարյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիրը մերժել են օրենքով չնախատեսված հիմքերով` դրանով իսկ թույլ տալով անձի նյութական եւ դատավարական իրավունքի խախտում»:

Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի հրամանով հաստատված` «Կալանավորվածների եւ դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության» կարգի համաձայն` «Դատապարտյալների ախտորոշումը, գնահատումը եւ բնութագրումը սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներն իրականացնելիս», պատժի կրման ընթացքում պարբերաբար կատարվում է դատապարտյալի գնահատում: Գնահատումները ներառում են տեղեկություններ դատապարտյալի հետ կատարված աշխատանքների ընթացքի, դատապարտյալի վարքի փոփոխության մասին:

Գայանե Գրիգորյանի բողոքի համաձայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրված բնութագրից երեւում է, որ դատապարտյալ Մ. Տերտերյանի ընթացիկ գնահատման արդյունքները սահմանվել են լավ, ռիսկայնությունը բացառվել է: Դատապարտյալի ուղղման վերաբերյալ տրվել է եզրակացություն, համաձայն որի` պատժի կրման ընթացքում վերջինս դրսեւորել է օրինապահ վարքագիծ, պահպանել է համակեցության կանոնները, քրեական մշակույթին չի ներգրավված, կապը ընտանիքի անդամների հետ պահպանում է տեսակցությունների եւ հեռախոսակապի միջոցով, հանցավոր հակումներ չունի, ունի առողջական խնդիրներ:
Դատապարտյալը պատիժը կրել է կիսաբաց տիպի ուղղիչ հիմնարկում, ինչն, ըստ Վճռաբեկ դատարանի, վկայում է դատապարտյալի դրական վարքագծի մասին եւ նույնպես պետք է գնահատման ենթարկվեր:

«Եթե հիմնարկի վարչակազմը, որտեղ 6 եւ կես տարի գտնվել է դատապարտյալը, հավանություն է տվել Մ. Տերտերյանին, անկախ հանձնաժողովը, ապա նաեւ դատարանը, որոնք բավարար ժամանակ չեն ունեցել գնահատելու համար Մ. Տերտերյանի բնութագիրը, վայրկյանների ընթացքում չէին կարող գնահատել եւ չեն գնահատել Մ. Տերտերյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորության հարցը»,- «Առավոտին» ասում է հանրային պաշտպանը:

Այդ տարիներին դատապարտյալի մոտ առկա են եղել մի շարք առողջական խնդիրներ՝ համաձայն «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի կողմից տրված էպիկրիզի, եւ մի շարք բուժհիմնարկների:

Մ. Տերտերյանը Հայաստանի սահմանների պաշտպանությանը մասնակցած ազատամարտիկի քույր է: Եղբայրը ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորվել է, հանդիսանում է 3-րդ խմբի հաշմանդամ՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունը նվազ ծավալով է:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

17.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031