Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները՝ անունների խառնաշփոթում

Հունվար 18,2018 14:00

Այս անդրադարձի առիթը ՀՀ լրագրողների ստեղծագործական
միության վերջերս կայացած համագումարն էր:

Միությունը խորհրդային տարիներից ի վեր խորհրդային ստանդարտներով կոչվում էր Ժուռնալիստների միություն, հիմա էլ շարունակում է այդպես կոչվել: Մինչդեռ խորհրդային կապանքներից ազատագրված հայերենում այսօր իր հաստատուն ու օրենքով ամրագրված տեղն ունի լրագրող բառը: Ուրեմն վաղուց ժամանակն է, որ ՀՀ ժուռնալիստների միությունը վերանվանվի լրագրողների միություն:

Դեռեւս 1995թ. ՀՀ հայերենի բարձրագույն խորհրդի որոշմամբ ժուռնալիստ բառի փոխարեն հանձնարարվել է դրա հայերեն համարժեքի՝ լրագրող բառի գործածությունը: Որոշումը 2000 թ. գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարությունում եւ հրապարակվել «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»՝ ձեռք բերելով ենթաօրենսդրական ակտի կարգավիճակ: Դրանից շատ ավելի առաջ՝ 1991 թ. ընդունված «Մամուլի եւ զանգվածային լրատվության մասին» օրենքում արդեն կիրառվել են լրագրող, լրագրություն բառերը: Դրանք ամրագրված են նաեւ զանգվածային լրատվությանը վերաբերող կամ առնչվող մյուս՝ ներկայումս գործող օրենքներում (Զանգվածային լրատվության մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «ՀՀ ընտրական օրենսգիրք» եւ այլն): Այսինքն՝ միության անվանափոխումը ոչ միայն բարոյական, քաղաքական ու այլ կարգի անհրաժեշտություն է, այլեւ պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ: Դրա մասին տողերիս հեղինակը անձամբ տեղյակ է պահել միության նախկին նախագահին: Վերջինս որեւէ առարկություն չի արել, համաձայնել է մեր փաստարկներին եւ խոստացել հաջորդ իսկ համագումարում ներկայացնել անվանափոխության խնդիրը: Դրանից անցել է երկու տասնամյակ: Մեզ անհայտ պատճառներով խնդիրը ժառանգություն է մնացել միության նոր նախագահին:
Եթե այսքանից հետո պիտի ասվի, թե դա վիճելի ու քննարկելիք հարց է, ապա հիշեցնեմ, որ օրենքն օրենք է, որը քննարկման ու վիճարկման ենթակա չէ, ոչ էլ ճաշակի հարց է: Խախտել ես, ուրեմն օրինազանց ես: Ճիշտ է, տվյալ խախտման համար մեր օրենսդրությամբ պատժամիջոց նախատեսված չէ, սակայն գոնե լրագրողները պատժվելու վախից չէ, որ պիտի օրինապահ լինեն: Լրագրողները համարվում են 4-րդ իշխանություն, այսինքն՝ նրանց դերը մյուս իշխանություններին վերահսկելն ու օրենքի դաշտ հրավիրելն է: Դա նշանակում է, որ լրագրողները հասարակության ամենաօրինապահ շերտը պիտի լինեն:

Ի դեպ, վիճակը ավելի տարօրինակ է Երեւանի պետական համալսարանում: Նրա բաժանմունքներից մեկը կոչվում է ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որի շրջանավարտին տրվող վկայականի մեջ որպես մասնագիտություն գրվում է «լրագրող»: Անվանումների այս հակասության պատճառը հետեւյալն է: Բուհական մասնագիտությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը, որը, օրենքի համաձայն, գրում է «լրագրող»: Իսկ համալսարանը, հավատարիմ մնալով խորհրդային տխուր ավանդույթին, ահա արդեն քսան տարի է՝ չի ուզում ենթարկվել օրենքի պահանջին եւ բաժանմունքը վերանվանել լրագրության:

Հուսանք, որ սույն հրապարակումը նեխած ճահիճը նետված քարի բախտին չի արժանանա:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ»

17.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031