Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահական Հայաստանի վերջին ամիսը. «Նեզավիսիմայա գազետա»

Հունվար 17,2018 21:21

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը հոդված է հրապարակել Հայաստանում կառավարման ձևի փոփոխության և դրա հնարավոր հետևանքների մասին:

Հայաստանում 2018թ. մարտի 2-ին նշանակված նախագահական ընտրությունները հանրապետության պատմության մեջ առաջին անգամ չեն լինի համաժողովրդական: Նախագահին կընտրեն խորհրդարանի պատգամավորները: Սահմանադրության համաձայն՝ նոր նախագահը կպարտավորվի նշանակել վարչապետ խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցությունից, այսինքն` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Նախագահի (ի դեպ՝ անկուսակցական) գործառույթը կլինի արարողակարգային. հանրապետությունը դառնում է խորհրդարանական:

4-րդ նախագահական ընտրություններից հետո իշխանությունը կկենտրոնացվի վարչապետի ձեռքում: Նախորդ տարվա ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ուժերի դասավորությունը կմնա անփոփոխ: Այս ամենն արդյունք է Սահմանադրության փոփոխության, որն ուժի մեջ է մտել 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքում: Հենց այդ ժամանակ էլ իշխող Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է (որը և նախաձեռնել էր փոփոխությունները Հիմնական օրենքում), դրեց իր հետագա ներքին քաղաքականության հիմքերը՝ ուժի կենտրոնը նախագահի աշխատակազմի պատերից փոխելով դեպի հանրապետության խորհրդարան:

Նախագահը կընտրվի մեկանգամյա 7 տարվա ժամկետով: Նա չի կարող ազդել արտաքին և պաշտպանական քաղաքականության վրա: Զինված ուժերը կենթարկվեն պաշտպանության նախարարին, իսկ Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթը ռազմական գործողությունների շրջանում կստանձնի վարչապետը: Հենց նման համակարգի օգտին է նշված հանրաքվեի ժամանակ քվեարկել Հայաստանի քաղաքացիների 66.2 տոկոսը (ընդհանուր մասնակցությունը՝ 50.8 տոկոս):

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այսօր Հայաստանի նախագահի պաշտոնում շրջանառվում է մի քանի հնարավոր թեկնածուի անուն. Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և արևմտամետ «Ելք» խմբակցության անդամ, ղարաբաղյան պատերազմի վետերան Արտակ Զեյնալյանը: Սա, ըստ երևույթին, ամբողջական ցուցակը չէ:

«Նշված քաղաքական գործիչների մեջ ընդհանուրը ոչ միայն նրանց կերպարների խորհրդանշական բնույթն է, այլև իրականության մեջ նրանց սահմանափակ քաղաքական կշիռը: Չի բացառվում, որ խորհրդարանական ուժերը նախագահի պաշտոնում կառաջարկեն այլ թեկնածուներ»,- ասում է Հակոբյանը: Նրա կարծիքով՝ ներքաղաքական իրավիճակը թույլ է տալիս հավանականության մեծ բաժնով պնդել, որ հանրապետությանը չի սպասվում այնպիսի ճգնաժամ, ինչպես տեղի ունեցավ Մոլդովայում կամ Վրաստանում. Մոլդովան և Վրաստանը ավելի վաղ էին բռնել նախագահի ինստիտուտի ուժեղացման ուղին՝ հօգուտ օրենսդիր իշխանության:

«Բանն այն է, որ Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդը գործող նախագահն է, հաղթել է խորհրդարանական ընտրություններում, որը կարելի է դիտել որպես սահմանադրական փոփոխությունների կարևորագույն շարունակություն: Այժմ հանրապետականերին մնում է ընտրել նախագահին լոյալ կուսակցություն, և մնում է գլխավոր հարցը. ու՞մ նախագահը ավտոմատ կերպով կառաջադրի վարչապետի պաշտոնում: Ժամանակին Սարգսյանը հայտարարել էր, որ հրաժարականից հետո չի հավակնի վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոններին: Բայց Հանրապետական կուսակցության անդամները չեն թաքցնում, որ ցանկանում են երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել հենց նրան: Սակայն հանրապետականները պետք է իմանան, որ հաջորդ ընտրություններում հաղթանակի համար իրենցից կպահանջվի նոր լոկոմոտիվ՝ «խորտակված» գործող վարչապետ Կարեն Կարապետյանի փոխարեն, որը, իր հերթին, վերջերս հայտարարել էր, որ նոր սահմանադրության պայմաններում կցանկանար շարունակել աշխատանքը այդ պաշտոնում»,- ասել է Վիգեն Հակոբյանը:

Քաղաքագետ, Պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ջոնի Մելիքյանը հիշեցրել է, որ խորհրդարանական հանրապետության անցնելու անհրաժեշտությունը իշխանությունները բացատրում էին բոլոր մակարդակներում երկրի կառավարման ժողովրդավարական ձևը կատարելագործելու և կուսակցությունների դերակատարությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Միաժամանակ նա չի բացառել, որ հենց երրորդ ժամկետով առաջադրվելու հնարավորության բացակայությունը և իշխանությունը պահելու Սարգսյանի ցանկությունն էլ կարող էին նպաստել սահմանադրական փոփոխությունների իրականացմանը: Եվ եթե դա այդպես է, հաշվի առնելով խորհրդարանում ուժերի դասավորությունը, ոչ մի բան չի խանգարում գործող նախագահին մի պաշտոնը փոխարինել մյուսով՝ մնալով երկրի առաջին դեմքը:

Եվս մեկ կարևոր հարց. Երևանի արտաքին քաղաքականության հեռանկարները: Հանրապետական կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է, Հայաստանում իրականացնում է եվրոպական մոդելային օրենքներ, ինչպես վերջերս ընտանիքում բռնության կանխարգելման օրենքը, որը սկանդալային գնահատականի արժանացավ սոցցանցերում հայկական ավանդույթների հետ հակասությունների պատճառով: Մյուս կողմից, Սարգսյանն, ընդհանուր առմամբ վարել է բազմավեկտոր քաղաքականություն՝ զարգացնելով միութենական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Բայց ինչպիսի՞ն կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիմազուրկ խորհրդարանական կատարմամբ՝ հաշվի առնելով հայկական կուսակցությունների բարդ ծագումնաբանությունը: Հակոբյանի կարծիքով՝ Ռուսաստանում կառավարման ձևի փոփոխությունն ընդունել են առանց ավելորդ լավատեսության՝ հիանալի կերպով հասկանալով՝ ինչ միջոցներով և ինչ տեխնոլոգիաներով են գործում հայկական կուսակցությունները:

«Ներքաղաքական ճկունությունը, ըստ էության, պետք է թույլ տա Հայաստանին ճկուն լինել նաև արտաքին քաղաքականության մեջ: Բայց բարեփոխումների ընդդիմախոսները և՛ այն ժամանակ, և՛ հիմա զգուշացնում են. Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ լուծված չլինելու պայմաններում նման ապակենտրոնացումը կարող է վտանգավոր լինել»,- ասել է Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, հարկ է հիշեցնել, որ մի շարք հետազոտողներ խորհրդարանական մոդելին անցումը կապում են հակամարտության կարգավորման հարցում սպասվող փոխզիջումների հետ: «Խաղաղ կարգավորման հարցում դրսից ուժեղացող ճնշումների պայմաններում բարեփոխումներն իշխանություններին հնարավորություն են տալիս «դիմազրկել» և «փոշիացնել» հենց իշխանությունը և պատասխանատվությունը»,- կարծում է Մելիքյանը:

Նրա կարծիքով՝ դա իշխանությունների համար նոր հնարավորություններ կստեղծի ապագայում բանակցություններում մանևրելու համար: «Ի դեպ, Լեռնային Ղարաբաղում հակառակ գործընթացն է. բարեփոխումներն ավելի են ամրապնդել նախագահ Բակո Սահակյանի դիրքերը»,- հիշեցրել է նա: Մինչդեռ Վիգեն Հակոբյանը համաձայն չէ այդ տեսակետի հետ. «Եթե անգամ զիջումների գնալու անհրաժեշտություն լինի, ապա ինչ-որ մեկի պատասխանատվության տակ: Անգամ, եթե գործընթացն ընթանա խորհրդարանի հովանու ներքո, ապա փաստաթղթերը կստորագրվի հենց վարչապետի կողմից»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031