Նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով հանրապետության ապագա նախագահի մասին, նշել էր, որ վերջինս պետք է վայելի մեծ հեղինակություն, ունենա լայն կապեր թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, տիրապետի օտար լեզուների, Հայաստանը պատշաճ մակարդակով կարողանա ներկայացնել արտերկրում։ Իսկ որ ամենակարևորն է՝ լինի այնպիսի մեկը, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեկնաբանելով նախագահի թվարկած չափորոշիչներն, ասաց․ «Եթե Սերժ Սարգսյանը նկատի չունենար որևիցե մեկին, այդ չափորոշիչները չէր բարձրաձայնի։ Այսինքն` կա մարդ, որը, ըստ Սերժ Սարգսյանի, համապատասխանում է այդ չափորոշիչներին, արդեն անձը հայտնի է, և ինքը փոքրիկ ակնարկներով հանրությանը ցույց է տալիս, թե ում է տեսնում ՀՀ նախագահ։ Միևնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ այդ նախագահը լինելու է թույլ քաղաքական դեմք, ոչ մի լիազորություն, որն ունեին նախկին նախագահները, գրեթե չի ունենալու, ընդամենը կատարելու է ներկայացուցչական ֆունկցիա, ինչպես ժողովուրդն է ասում՝ ունենալու է անգլիական թագուհու կարգավիճակ։ Ընդհանրապես պառլամենտական երկրներում վարչապետը գերադասում է ունենալ մոխրագույն, քաղաքական դաշտում շատ թույլ նախագահ։ Այդպես է Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Հունաստանում․․․»։
Գագիկ Համբարյանի ասելով՝ նախագահի Սերժ Սարգսյանի թվարկած չափորոշիչներով թեկնածուներ շատ քիչ կան մեր երկրում։
«Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունն այն երկիրն է, որտեղ սպորտսմենին, երգչուհուն, երգչին բերեն, կարգեն հանրապետության նախագահ։ Այս պահի դրությամբ ես նման չափորոշիչներով 2-3 թեկնածուի եմ տեսնում․ մեկը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն է, որը ընդունված է հասարակության կողմից։ Հիշո՞ւմ եք բավական մեծ բարեգործական ծրագրեր իրականացրեց և հիմա էլ, որքան տեղյակ եմ, իրականացնում է։ Այդպիսի հասարակական-մարդասիրական գործունեություն ծավալելով՝ Ռալֆ Յիրիկյանը երբևիցե չփորձեց ներթափանցել քաղաքական դաշտ և զերծ մնաց քաղաքական գործչի կոչումից։ Ինքը բավական սերտ կապեր ունի հայկական սփյուռքի հետ, ինքը սփյուռքահայ է, բավական լավ տիրապետում է մի քանի լեզուների և լիովին համապատասխանում է Սերժ Սարգսյանի չափորոշիչներին։
Երկրորդ թեկնածուն Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետն Արմեն Սարգսյանն է, որը երկար տարիներ եղել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը ՄԵծ Բրիտանիայում, շատ ընդունված և հարգված անձնավորություն է ոչ միայն Լոնդոնում, այլ եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Եվ չպիտի մոռանանք, որ նա այն եզակի անձանցից է, որը չունենալով շատ բարձր պաշտոն՝ ժամանակին հրավիրվեց Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Եղիսաբեթ 2-րդի թոռի՝ թագաժառանգ, արքայազն Ուիլյամի հարսանիքին։ Պարզ է, որ Մեծ Բրիտանիայի թագաժառանգի հարսանիքին պատահական մարդիկ չկային, ոչ բոլորին էին հրավիրում, չմոռանանք նաև, որ Եղիսաբեթ 2-րդի որդին՝ արքայազն Չարլզը Արմեն Սարգսյանի միջնորդությամբ ժամանակին այց կատարեց Հայաստան։
3-րդ թեկնածուն, ըստ իս, կարող է լինել հայտնի գործարար, բարերար, ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանը, որը Հայաստանում իրականացնում է բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր․ Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներից է և «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի համահիմնադիրներից («Առավոտի» կողմից նշենք, որ Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է. խմբ)։ Նա աչքի է ընկնում իր չափազանց համեստությամբ»։
Ըստ քաղաքագետի, սպորտային ու մշակութային գործիչներն էլ տիրապետում են օտար լեզուների, կարող են Հայաստանը պատշաճ ներկայացնել արտերկրում, օրինակ՝ Լևոն Արոնյանը կամ Հենրիխ Մխիթարյանը, բայց դժվար թե նրանց վստահվի նախագահի պաշտոնը։
Էդուարդ Նալբանդյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում քաղաքագետը բացառում է։ «Նա չի կարող լինել հավանական թեկնածու, նա առաջին հերթին քաղաքական գործիչ է, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն է։ Եվ երկրորդ՝ ինքն ասոցացվում է գործող իշխանությունների հետ, և ես չեմ կարծում, որ ինքը շատ սերտ կապեր ունի Սփյուռքի հետ, իհարկե, որոշ շրջանակների հետո ունի։
Լինելով ՀՀ իշխանական օղակի մի մաս՝ նա մեխանիկորեն բավական խնդիրներ ունի սփյուռքահայության հետ, ուզենք, թե չուզենք մենք պետք է ընդունենք, որ ունենք Սփյուռք, որն ունի իր քաղաքական կողմնորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Ամերիկայահայության, եվրոպահայության, լիբանանահայության մեջ մի ստվար զանգված կա, որը հակակրանքով է վերաբերում Հայաստանի ներկայիս իշխանություններին»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Արմէն Սարգսեանը կամ Ռուբէն Վարդանեանը Հայաստանո՞ւմ են ապրում:
***
Հոդված 124. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: