«Մենք այդ սիգնալները ուղարկում ենք: Հունվարի 3-ից աշխատանքի դուրս գալն էլ է այդ սիգնալներից: Մենք այդ շքեղության իրավունքը չունենք մինչեւ հունվարի 8-ը հանգստանալու ու դրանից հետո լավ ապրելու, այդպես չի լինում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսպես մեջբերեց վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը եւ ասաց, որ հունվարի 8-ին եկել է աշխատանքի, վարչապետին գրություն է ուղարկել, պարզվել է՝ նա արձակուրդի մեջ է ու արձակուրդում է եղել մինչեւ հունվարի 15-ը: Մարուքյանը հորդորեց բացատրել խոսքի ու գործի այս հակասությունը:
Թանկացումների հետ կապված վարչապետի խոսքերից Մարուքյանը եզրակացրել է, որ վարչապետը կա՛մ տեղեկություն չունի, թե մարդիկ ինչ բողոքներ ունեն, կա՛մ մերժողականության մեջ է: Ասում են՝ բենզինի ակցիզային հարկը թանկացել է, ասում է՝ բենզինն ունի այլընտրանք, թող գազով մեքենաները վարեն: Ասում են՝ գազը թանկացել է, քիչ է մնում ասի դա էլ ունի այլընտրանք, ոտքով քայլեք, ասեն՝ ցուրտ է, գազ չեն կարողանում վառել, կարող է ասի՝ տաք հագնվեք, ասեն՝ սոված են մարդիկ, աղքատ են, կարող է ասի՝ ջուր խմեք, սովածություն չեք զգա, այսինքն, մարդը այլընտրանք ունի:
Կարեն Կարապետյանը իր արձակուրդի հետ կապված պատասխանեց, որ կզարմանա, եթե համոզված լինի, որ իր հարցազրույցի եւ իր գործողության մեջ հակասություն են տեսնում. «Այո, ճիշտ եմ ասել՝ ազդակ պետք է լինի, մինչեւ 3-ը պիտի հանգստանան, բայց ես չեմ ասել, որ մարդը իրավունք չունի արձակուրդ գնալու՝ մեր օրենսդրության համապատասխան: Ի գիտություն ձեզ, ես սեպտեմբերից աշխատելով՝ արձակուրդում եղել եմ 8 օր. 3 օր ամռանը, 5 օր հունվարին, իրավունք ունե՞մ, թե՞ չէ»:
Բենզինի գների վերաբերյալ Կարեն Կարապետյանն ասաց, որ հնարավորինս մանրամասն պատասխանել է: Նա ասաց, որ բենզինի գների առումով Հայաստանը 44-րդ երկիրն է, իսկ իրենից առաջ ընկած երկրները սեփական նավթն ունեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ