«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց Իրանի հետ հարաբերությունների մասին: Նա հարցրեց՝ «ՀՀ եւ Իրանի միջեւ երկաթգծի հետ կապված մենք ծրագիր, հաշվարկ ունե՞նք, Մեղրի ՀԷԿ-ի կառուցապատման աշխատանքներին կուզեինք անդրադառնալ, նաեւ նոր գազատար ունենալու հետ կապված»:
Վարչապետն ասաց, որ Իրանի հետ ապրանքաշրջանառությունը չնչին է՝ 10 ամսվա տվյալներով 62.5 մլն դոլար է՝ առանց էներգետիկայի. «Աճի տեմպերը կամփոփենք, իրանական շուկայում ունեինք 10 ամսվա տվյալներով արտահանման ու ներմուծման ամենաչնչին աճը: Շատ անելիքներ ունենք եւ թռիչքային աճ ապահովելու մեծ պոտենցիալ ունենք»: Վարչապետն ասաց, որ երկաթգծի կառուցումը կախված է ապրանքային հոսքերից, որը հնարավոր է այդ ճանապարհով իրագործել: Երկաթգծի կառուցումը, ըստ Կարեն Կարապետյանի, ինքնանպատակ չպետք է լինի: Պետք է շուկան ակտիվացնել եւ հասկանալ՝ որպես տրանզիտային երկիր մենք կարո՞ղ ենք շարժվել առաջ:
Ինչ վերաբերում է նոր գազատար կառուցելուն, Կարեն Կարապետյանն ասաց, որ Հայաստանի նման երկիր չկա, որ գազամուղն իրենք են կառուցում, միշտ գազամուղ կառուցողը լինում է գազամատակարարը եւ այդ երկիրն այդ տրանզիտային հնարավորությունից օգտվում է: Ժամանակին մենք մեծ քայլ ենք արել, գազատար ենք կառուցել եւ մեր էներգետիկ անվտանգության հարցերը լուծել ենք: Եթե մենք երկու անգամ ավելի տրամագծով գազամուղ կառուցեինք, կլիներ 4 անգամ ավելի թանկ ու եթե չօգտագործվեր, կլիներ քննադատություն՝ ինչու էիք դա կառուցում, եթե չէր օգտագործվելու:
Էնֆիաջյանն ասաց, որ Իրանի տարբեր պաշտոնյաների հետ է հանդիպել, զրուցել, որ ծրագրից խոսում են, թե ինչու չի իրականանում, իրանական կողմը լիարժեք ներկայացնում է, որ պատրաստ են անգամ միջոցներ ներդնել, բայց հայկական կողմը չի իրականացնում: Վարչապետն արձագանքեց. «Կոնկրետ ծրագիր բերեք, որ ասեն, թե հայկական կողմն ինչումն է խոչընդոտում, առարկայական խոսենք, որպեսզի հակառակ կարծիքը հիմա չլսեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ