2017 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 11, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների դեմ ճնշումների 113 դեպք եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 62 խախտում։
«2017 թվականը լարված և բարդ ժամանակահատված էր hայաստանյան լրատվամիջոցների համար»,- «Խոսքի ազատության զարգացման և լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» զեկույցը ներկայացնելիս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Լարված 2017 թվականը, ըստ պարոն Մելիքյանի, պայմանավորված է եղել ՀՀ Ազգային ժողովի, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3, նրանց աշխատանքի խոչընդոտման 6 դեպք։
Իսկ ԱԺ ընտրությունների օրը՝ապրիլի 2-ին, կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, աշխատանքի խոչընդոտման 8 դեպք։ Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, նրանց մասնագիտական աշխատանքի խոչընդոտման 5 դեպք։ Լրագրողների իրավունքների եւս 3 խախտում տեղի է ունեցել քվեարկությանը նախորդող քարոզարշավի ժամանակաշրջանում։
Ըստ զեկույցի՝ թե խորհրդարանական, թե Երևանի ավագանու ընտրություններին ու դրանց նախորդող քարոզարշավների ընթացքում արձանագրված բռնությունների ու խոչընդոտումների 29 դեպքից 7 դեպքով է քրեական գործ հարուցվել, դրանցից 5-ը կարճվել է «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ եւ ընդամենը 2 գործն է դատարան մտել։
Կոմիտեն նաեւ արձանագրել է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության և մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքեր են գրանցվել նաև տարվա համեմատաբար հանդարտ ժամանակահատվածներում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ