«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը մեջբերելով վարչապետի խոսքերը, որ 2,6 տոկոս գնաճը սարսափելի չէ, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ սարսափելի է այն, որ մարդիկ Ամանորը նշելու համար վարկեր են վերցնում, կոմունալները վճարելու համար վարկեր են վերցնում: Նա հարցրեց՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցությունից անցել է մեկ շաբաթ, նա հանձնարարականներ էր տվել, ի՞նչ բացահայտումներ են տեղի ունեցել այս ընթացքում, հստակեցվե՞լ են տնտեսվարողների անունները, որոնք իրենց սեփական գրպանի համար այս ընթացքում հարստահարել են ժողովրդին:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ 2,6 տոկոսը սպառողական գների ինֆլյացիան է, այն ամբողջովին արտացոլում է մեր հասարակության սպառումը, լայն սպառման կենսապահովման առարկաները: Նա նշեց, որ մի շարք ապրանքատեսակների գծով էլ գնանկում կա. «Հավի թարմ միսը 22 տոկոսով իջել է, ձեթը՝ 5 տոկոսով, բարձր տեսակի ալյուրը՝ 6 տոկոսով, ոսպը՝ 37 տոկոսով, հնդկաձավարը՝ 52 տոկոսով, թթվասերը՝ 4 տոկոսով»:
Ինչ վերաբերում է հանձնարարականներին՝ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ուսումնասիրություններ են արել, բոլոր ԱԳԼՃԿ-ները մոնիտորինգի են ենթարկվել եւ ընդամենը 7-ում 210 դրամի փոխարեն գազի սակագինը 220 դրամ է եղել: Որակի տեսչությունը ՏՄՊՊՀ-ին է փոխանցել տվյալները, այդ գները եւս իջեցվել են: Փոխվարչապետը վստահեցրեց, որ հարստահարում չի եղել:
Ուշագրավ է, որ ի տարբերություն շատ կանխատեսումների, Վաչե Գաբրիելյանը վստահեցրեց, որ դիզվառելիքի թանկացումը չի կարող բերել տրանսպորտի գնի թանկացմանը, ուղեվարձի բարձրացմանը, քանի որ ակցիզային հարկն իջել է, ԱԱՀ-ով հարկումով է փոխարինվել:
Ինչ վերաբերում է գազին, նա հիշեցրեց, որ մինչեւ 2015-ը տրանսպորտներն աշխատել են գազի այդ սակագնով եւ տեղավորվել են այդ գնի մեջ, ուստի գազի թանկացումն էլ որեւէ կերպ չի կարող հիմք հանդիսանալ ավելացնելու երթուղայինների ուղեվարձը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ