«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ վիճակագրական տվյալներով կարտոֆիլի գները թռել են, ուստի ի՞նչ ուտեն աղքատները: Փաշինյանը հայտնի խաղին նմանեցնելով՝ կառավարությանը պատասխանի 4 տարբերակ առաջարկեց.
ա) խառը կանաչի, որ ԱՎԾ-ի տվյալներով էժանացել է 48.5 տոկոսով
բ) Սխտոր, որ էժանացել է 22,2 տոկոսով
գ ) Կանաչ սոխ, որ էժանացել է 18.2 տոկոսով
դ) տաքդեղ, որը էժանացել է 12,7 տոկոսով:
Մինչ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կպատասխաներ՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց իր տարբերակը՝ հավի միս, որը էժանացել է:
Իսկ ներկա պատգամավորները կատակեցին, թե՝ դահլիճի օգնությանը չդիմեք:
Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ազգաբնակչությունն այդ ապրանքատեսականուց կընտրի առավել կալորիականություն ապահովող այն ապրանքները, որը կհամապատասխանի իր բյուջեին. «Եթե նրանք չկարողանան դա անել, ապա ձեր կողմից տրամադրված հաշվարկները նրանց համար հիմք կհանդիսանան՝ խնդիրը վերջացնելու»:
Փաշինյանն ասաց, որ իր այս հարցադրումով ուզում էր ցույց տալ, որ այդ 2,6 տոկոս գնաճը ԱՎԾ-ն ստացել է սխտորի, սոխի, տաքդեղի գներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ