Լրահոս
Օրվա լրահոսը

Աջ ղեկով մեքենաների հարցը՝ ԱԺ-ում

Հունվար 17,2018 17:42

ՀՀ-ում ապրիլի 1-ից արգելվում է ներկրել աջ ղեկով մեքենաներ: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կառավարությանը հարցրեց՝ սա՞ էր ամենակարեւոր ու հրատապ հարցը, որին կառավարությունը պետք է այդպես հրատապ անդրադառնար:

Նա ասաց, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ սա չի արվում մարդկանց անվտանգության նկատառումներով, այլ «խեղճ արտոնյալների» համար նոր բիզնես պրոյեկտ է մշակվում:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ Հայաստանը ժամանակին ընդունել է աջակողմյան երթեւեկության կանոնները, պետք է այդ կանոնները պահպանվեն՝ ձախ ղեկով. «Այդ հարցը հասունացել էր արդեն, արդեն քանի ամիս է՝ մենք խոսում ենք դրա մասին: Վիճակագրական տվյալները բերում են այն թվերը, որով մենք տեսնում ենք, թե ինչ չափով է ավելանում վթարների, վիրավորների քանակը: Համեմատաբար վթարների քանակը մոտ 28 տոկոսով ավելի շատ է, քան ձախ ղեկով մեքենաներինը եւ վիրավորների քանակով 39 տոկոսի տարբերություն է տալիս»:

Գեւորգ Պետրոսյանը արձագանքեց՝ եթե այդ մեքենաները վտանգ են ներկայացնում մեր ազգաբնակչության համար, ո՞րն է տրամաբանությունը շահագործումը թույլատրել մի քանի տասնյակ հազար մեքենաների, արգելել նոր մեքենաների ներմուծումը:

Նախարարը պատասխանեց, որ շահագործումը թույլ են տալիս, որովհետեւ չեն կարող մարդկանց սեփականության դեմ արգելք դնել:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ արձագանքեց՝ հորդորելով Գեւորգ Պետրոսյանին, որ եթե չի ուզում նախկինում ներկրված աջ ղեկով մեքենաները շահագործվեն, կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ ու նախագիծ ներկայացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031