ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց՝ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցության ժամանակ պարզվեց, որ թանկացումների հետ կապված որոշ տեղեր կան, որ հնարավոր է շտկումներ անել, ո՞ր հարցերում է հնարավոր քայլեր անել, որ թանկացումները այսպես սուր չչոքեն քաղաքացիների բկին:
Կարեն Կարապետյան պատասխանեց. «Հարազատնե՛րս, հարգելի մեր գործընկերներ, 2.6 տոկոս գնաճ է, որ դուք ասում եք՝ չոքել է մեր դռանը, ո՞ր գինն է չոքել մեր դռանը»:
Վարչապետը պատասխանեց այն քննադատություններին, թե մենք սեպտեմբերին էինք ասում, որ սպասվում է թանկացում: Նա ասաց, որ կառավարությունն իրագործել է այն օրենքը, որը ընդունվել է դեռեւս 2016-ի հոկտեմբերին. «Սեպտեմբերին շատ մեծ ունակություն պետք չէր ունենալ, որ դա կանխատեսվեր»:
Կարեն Կարապետյանն ասաց, որ հարկային բեռն ավելացնելը, իհարկե, հաճելի չի, բայց ունենք արտաքին պարտքի հետ կապված պարտավորություններ, ունենք տնտեսությունը զարգացնելու խնդիր, ունենք լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն: Նա ասաց, որ քննարկել են այն տարբերակները, որոնք նվազագույն բեռ են ստեղծում քաղաքացիների համար, եթե այս ապրանքների դեպքում չթանկացնեին, մեկ այլ տեղ պետք է թանկացնեին, որ մուտքեր ունենային՝ պարտավորությունները սպասարկելու համար. «Հիմա ինչի՞ ենք ստեղ արել: Այս երեք հոդվածով ես անհաղթահարելի պրոբլեմ չեմ տեսնում»:
Վարչապետը նորից հայտարարեց, որ եթե բենզինը, որը թանկացել է, մարդիկ չեն ուզում օգտագործել, թող գազ օգտագործեն, այլընտրանք կա:
Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Թանկացել է կարագը, թանկացել է միսը, վառելիքը, այնքան թանկացումներ կան, կարտոֆիլը, որը մեզ խորհուրդ էին տալիս ուտել, թանկացել է 30 տոկոսով»: Վարչապետը միջամտեց՝ դա Հարկային-մաքսային օրենսգրքի հետեւանքը չի:
Միրզոյանն ասաց, որ վառելիքը շղթայական ռեակցիայով ազդելու է դեռ մյուս ապրանքատեսակների թանկացման վրա. «Ասում եք՝ սուբսիդավորելու ենք որտեղ բեռ կա, հետաքրքիր է՝ որտեղի՞ց պիտի սուբսիդավորեք, նույն բյուջեից պիտի սուբսիդավորեք: Շատ գեղեցիկ թվերն ասում եք, լավ, բա մարդկանց ո՞նց ասեն, որ ճաշի մեջ պիտի յուղ չգցեն, օգտագործեն ավելի քիչ կարագ, կարա՞ք պատասխանեք»:
Վարչապետը ինքնավստահ պատասխանեց. «Կարամ: Խոսքն այն մասին է, որ երբ մեր պատճառով է գները բարձրանում, ես բացատրեցի: Այն, ինչը շուկայում է կատարվում՝ կարագ եւ այլն, դա շուկայի արձագանքն է: Կարագի հետ ինչ մեր երկրում կատարվում է, աշխարհի բոլոր երկրներում էլ կատարվում է: Ոնց են դրա դեմ պայքարում՝ տնտեսական աճ ապահովելով, որպեսզի վաղը, մյուս օրը կարողանան կոմպենսացնել: Պետությունը գին ռեգուլիրովկա անելու իրավունք չունի: Հիմա կարագը ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանը էդ կարագի թանկացման դեմ ի՞նչ պիտի անի: Ակցիզային հարկը, որ բարձրացրել ենք, ունենք ալտերնատիվ կարագի մուտք, որն առանց ակցիզի է: Արտակ Շաբոյանը մանրամասն բացատրել է»:
Վարչապետն ասաց, որ Նոր Զելանդիայի կարագի գինը բարձրացել է, Բելառուսի ու ՌԴ-ի կարագի գինը չի բարձրացել, այլընտրանք կա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ