Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ասում եք գնաճը սարսափելի է, ես ասում եմ՝ սարսափելի չի». Կարեն Կարապետյանը ԱԺ-ում խոսեց թանկացումներից

Հունվար 17,2018 17:26

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց գնաճից եւ հիշեցրեց, որ ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ գնաճը կառավարելի է, խնդիր չկա, մինչդեռ պարզ երեւում է, որ խնդիրներ կան, անգամ խորհրդարանական լսումներ են անցկացվելու այդ թեմայով: Նա հարցրեց՝ կառավարությունը այնքան հոտառություն եւ քաղաքական հեռատեսություն չունե՞ր, որ Հարկային օրենսգիրքը բերեց հոկտեմբերին եւ չգիտեր, որ այսքան թանկացումներ կլինի, թե՞ լուծումներ իրականում չունի:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ: Ամեն ինչը համեմատության մեջ է: Մեր օֆիցիալ գնաճը 2,6 տոկոս է, 6.7 տոկոս Վրաստանում է, 7.9 տոկոս Ադրբեջանում է: Գնաճը այսպես, թե այնպես հաշվել՝ կա բանաձեւ: Ինչ վերաբերվում է դիզվառելիքի, բենզինի եւ գազի գնի թանկացմանը, ուզում եմ հետեւյալ վիճակագրական տվյալները ձեզ տամ՝ բենզինը թանկացել է 20 դրամով՝ 430 դրամ է, այս պահին Վրաստանում նույն բենզինի գինն ավելի բարձր է, երբ որ մենք այն բերում ենք տրանզիտով Վրաստանից: Բենզին օգտագործողը ալտերնատիվ ունի գազ օգտագործի, եթե իր համար հարմարավետ չի, կարող է անցնել գազի: Գազը թանկացել է 25 դրամով, այսօր այն 190-220 դրամ է, վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015-ին: Լավ չի, որ թանկացել է գազի գինը, լավ կլիներ հինը մնար՝ այո, բայց 220 դրամը նոր պահանջ չի, նոր մարտահրավեր չի շուկայում: Շուկայում այս գներով մենք ժամանակին աշխատել ենք եւ էժանացրել ենք այն ժամանակ, երբ հնարավորություն ենք ունեցել: Էժանացրել ենք ջերմոցների, վերամշակողների համար նույնպես, որպեսզի այդ բիզնեսը կայանա: Դա չի բացառվում, որ երբ մի պահ գա, որ զգանք՝ այդ բիզնեսը կայացել է եւ զիջումների հնարավորություն չունենք՝ վերականգնվի: Միեւնույն ժամանակ 220 դրամի դեպքում Վրաստանում նույնպես մենք ունենք սակագին 260-310 դրամ: Դիզելային վառելիքի ակցիզային հարկը մենք նվազեցրել ենք, կիրառում ենք ԱԱՀ: Այս պահին այդ սակագինը որոշվում է հին ակցիզայինով եւ ակցիզային հարկով, բայց այն հիմնականում օգտագործում են բիզնեսի համար: Բիզնեսը, որը ԱԱՀ է վճարում, դիզվառելիքի այս սակագնից շահում է»:

Նա ասաց, որ միայն գյուղատնտեսության համար բեռ կարող է հանդիսանալ դիզվառելիքի սակագնի ավելացումը: Վարչապետն ասաց, որ քննարկում են տարբերակներ, որ սուբսիդավորեն գյուղատնտեսությունը. «Որեւէ պրոբլեմատիկ խնդիր այս երեք ապրանքատեսակների դեպքում ես չեմ տեսնում»:

Շաքե Իսայանը արձագանքեց, որ այդ վիճակագրական տվյալներից ՀՀ քաղաքացին որեւէ դրական ազդեցություն իր վրա չի կրում: Վերջին թանկացումները Հայաստանում սոցիալական իրարանցում են առաջացրել՝ առանց այն էլ 30 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում: Նա ասաց, որ նոր են լսումներ կազմակերպում, բայց մինչ այդ տարբեր տնտեսագետներ կանխատեսում էին թանկացումները, մի՞թե հնարավոր չէր գնաճը զսպելու մեխանիզմներ նախատեսել, դասական տարբերակը թոշակների, աշխատավարձերի բարձրացումն էր, կառավարության ծրագրում չկար, այլընտրանքային տարբերակներ էլ չեն առաջարկում, ի վերջո ո՞րն է սրա ռեալ լուծումը:

Վարչապետը պատասխանեց. «Ես ձեւակերպել եմ, կարող է դա դուք լուծում չեք համարում, եթե ոչ վիճակագրական տվյալները, կարո՞ղ եք ասել, ինչպե՞ս դա ձեւակերպեմ, որ դուք ձեզ բավարարված զգաք: Մեխանիզմներ ասել եմ՝ որտեղ բեռ է, մենք սուբսիդավորելու ենք, մնացած տեղերը բեռ չեմ տեսնում: Բենզինը ալտերնատիվ ունի, դուք ասում եք գնաճը սարսափելի է, ես ասում եմ՝ սարսափելի չի: Ես էլ ձեզ պնդում եմ՝ մենք ունեք 2.6 տոկոս գնաճ, տարին կամփոփենք, մեր աճի տեմպերը լինելու են երեք երկրներից ամենաբարձրը, ամենացածր գնաճ, ամենաբարձր աճի տեմպ, դա վիճակագրությո՞ւն է, թե՞ փաստացի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031