Քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արո»-ի որդու մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարի եւ նշյալ անձի երկու որդիների կողմից հնարավոր հանցագործությունների կատարման դեպքերին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին՝ «Ճվճվ Արո»-ի երկու որդիներն էլ նախկինում հետախուզման մեջ են եղել, սակայն միայն ոստիկանների մահվան ելքով ավտովթարից հետո են հայտնաբերվել. սա չի՞ խոսում անպատժելիության մասին»:
Հարությունյանը գնահատականներ չտվեց՝ ակնարկելով, որ խոսքը կոնկրետ իրավիճակին է վերաբերում: «Չեմ կարող ասել, թե Սերժ Վարդանյանը ինչու մինչ այդ չէր հայտնաբերվում: Նման հարցերը ոստիկանությանն ուղղեք»,-հորդորեց նախարարը, ապա կրկին ընդգծեց, որ նման հարցերի հասցեատերն ինքը չէ:
«Ես նախարար եմ, ոչ թե անձ, որը քաղաքական պատասխանատվություն է կրում ոստիկանության աշխատանքի համար: Ես ի պաշտոնե չեմ կարող տիրապետել մի տեղեկատվության, որի շուրջ հարցերը քննչական մարմիններին պետք է ուղղել»,-պնդեց Դավիթ Հարությունյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ