Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի՝ Վիգեն Սարգսյանը հանդես է եկել որպես անհատ, և դրանում ոչ մի վատ բան չկա

Հունվար 17,2018 16:51

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ ՀՀ ՊՆ նախարարը հրաժարվում է իր պարտականությունների կատարումից:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Արթուր Սաքունցը հիշեցրեց՝ պետությունը պարտավորություն ունի ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, այլև հատկապես զինվորի հանդեպ. «Տվյալ դեպքում ՊՆ նախարարը կամ ցանկացած նախարար ունի գործիքներ, որոնք սահմանվում են: Օրինակ՝ նրա լիազորություններից մեկը զինծառայողների առողջական խնդիրների լուծումն է: Իսկ դրա համար բոլորս պետական գանձարան հարկեր ենք վճարում: Սրա փոխարեն ՊՆ նախարարը հանդես է գալիս հանգանակության միջոցով հարցը լուծելու առաջարկով: Սա նշանակում է, որ Վիգեն Սարգսյանը կամ ընդունում է՝ պետական լծակներն ու գործիքներն անարդյունավետ են, կամ ինքը հրաժարվում է այդ գործիքները կիրառելուց: Իսկ եթե այդ գործիքներն անարդյունավետ են, դա ևս իր խնդիրն է»:

Անդրադառնալով այն պատճառաբանություններին, թե պատերազմող երկիր ենք, ուստի պետք է պատրաստ լինենք նման մոտեցումներին, պարոն Սաքունցը վրդովվեց. «ԱԺ դոլարային միլիոնատերերի վրա այդ պատերազմը չի՞ տարածվում, թե միայն զինվորների վրա՞ է դա ազդում: Ինչո՞ւ է միայն շարքային սպաների և զինծառայողների վրա ազդում այդ պատերազմը, այլ ոչ թե քաղաքական և բիզնես ղեկավարության»:

Պարոն Սաքունցը վստահեցրեց՝ քաղաքացիները միշտ էլ կարձագանքեն, մինչդեռ նախարարը տվյալ դեպքում հրաժարվում է իր պարտականությունների կատարումից: Արթուր Սաքունցը բարձրաձայնեց՝ արդյոք Ալբերտը մեղավո՞ր է, որ իր ծնողները գումար չունեն, և ինքը գնացել է առաջնագիծ:

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը նկատեց՝ Վիգեն Սարգսյանը հանդես է եկել որպես անհատ, և դրանում ոչ մի վատ բան չկա: Նա հորդորեց անընդհատ չվիրավորել անձանց և կոչ արեց սովորել քաղաքակիրթ շփվել:

Արթուր Սաքունցը հակադարձեց՝ պաշտոնատար անձի անձնական տիրույթում հանրային ուշադրությունը բոլորովին այլ վերահսկողություն և ազդեցություն ունի, ինչ սովորական քաղաքացիների:

Պարոն Եղիազարյանը նաև առաջարկություն արեց՝ հաշվարկել 1000 դրամների պահուստային ֆոնդից ինչքան ավել միջոցներ լինեն, դրանք տարածել 2017-ից առաջ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների կարիքների բավարարման վրա:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ մտահոգություն հայտնեց՝ պետությունն անգամ Ալբերտ Դալլաքյանի հարցով թափանցիկ նախաքննություն չի իրականացրել. «Ամեն քաղաքացի, տեսնելով զինվորի անօգնական վիճակը, իհարկե, կնետվեր օգնելու այդ զինվորին: Իսկ եթե հարցը դիտարկում ենք պետության պարտավորությունների տեսանկյունից, կարծում եմ՝ այստեղ լուրջ բաց կա: Պետությունն անգամ չի կատարել թափանցիկ նախաքննության ողջ գործընթացը: Գերատեսչության ղեկավարը, որ հանգանակության կոչ է անում, որևէ քայլ չի ձեռնարկել, որ իրավիճակը շտկվի և նմանատիպ դեպքեր բանակում չլինեն: Եթե բարձրաստիճան զինվորականը զենքի հետ անզգուշորեն է վարվում, դա արդեն բանակի խնդիրների մասին է խոսում: Լուրջ խնդիր է այն, որ հրամանատարը կարող է պառկած զինվորին կրակել, եթե անգամ դա անզգուշություն է, բայց դեռ նախաքննության վերջնական պատկերին տեղյակ չեմ: Եթե անգամ ԼՂՀ-ում է նման վտանգավոր վիճակ, ՀՀ ՊՆ նախարարը պետք է ամեն ինչ անի, որ ՀՀ-ից զորակոչվող զինվորը նման պայմաններում չծառայի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031