«Միասին մենք ուժեղ կլինենք». այս կարգախոսով է Բուլղարիան ստանձնում Եվրամիության խորհրդի նախագահությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան:
Նա խոստացավ, որ ամեն ինչ կանեն իրենց աշխատանքը լավագույնս անելու համար. «Այս կարգախոսը ընտրել ենք՝ ելնելով ոչ միայն պատմական փորձից, այլև եվրոպական նախագծում եղած կարգավիճակից: Փորձը ցույց է տալիս, որ Եվրոպան հաղթահարում է, երբ միասնական է: Մեր գլխավոր ուղերձն այն է, որ ամեն ինչ անելու ենք ուժեղացնելու Եվրոպական միության միասնականությունը»:
Նա առանձնացրեց իրենց առջեւ դրված առաջնահերթությունները՝ կայունությունը, անվտանգությունը, միասնականությունը, նպատակներին փոխհամաձայնությամբ հասնելը ու կարեւորեց թվային մրցակցային տնտեսության հասնելը. «Կասկած չկա, որ մեր ապագան լինելու է թվային: Մտադիր ենք ուժեղացնել թվային ամբողջական շուկայի զարգացումը»:
Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանում իրենց ծրագրերի մասին՝ ասելով, որ նպատակ ունեն շարունակել Արևելյան գործընկերության տարածաչափերը, ուժեղացնել ժողովրդավարական հաստատությունները, իրականացնել տարբեր ծրագրեր. «Հայաստանը կընդգրկվի այդ ծրագրերի մեջ և կլինի ակտիվ մասնակից: Որպես նախագահող երկիր Բուլղարիան առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու անվտանգության հարցերին: Ջանքեր ենք գործադրում Եվրոպական միությունում անվտանգության ուժեղացմանը արդյունավետ միգրացիոն ծրագրերին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ