ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տեղեկություններին, թե ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: «Հնարավոր է՝ նաեւ նրա թեկնածությունը քննարկվի: Կարծում եմ՝ կարելի է չափորոշիչների մեջ տեղավորել, բայց քանի որ մենք դեռ անունների չենք անդրադարձել, մոտ օրերս քննարկումներ կկազմակերպենք»,-տեղեկացրեց Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի համար հնարավոր է լինեն մի քանի թեկնածուներ, որոնցից կուսակցությունը կընտրի մեկին՝ այնպիսի անձի, որը, ինչպես Սերժ Սարգսյանն է նշել, անբիծ անուն եւ կենսագրություն կունենա, կվայելի հանրության համակրանքը:
Հարցին՝ «թեկնածուն ընդդիմության կողմից հավանության կարժանանա՞», Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Ամեն ինչ կերեւա քննարկման արդյունքում: Չափորոշիչները դիպուկ են եւ թեկնածուն պետք է բավարարի դրանց: Պետք է հանրային ճանաչում ունեցող անձի ընտրենք, որն ընդունելի կլինի բոլոր քաղաքական ուժերի կողմից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ