Հոգեբան Սիրանուշ Անդրեասյանի հավաստմամբ՝ թանկացումները խորացնում են պետության, կառավարման մարմինների և ժողովրդի միջև անդունդը:
«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հոգեբանը զգուշացրեց՝ նուրբ ու զգայուն պահ է ստեղծվել, որը կարող է խորացնել անդունդը պետության, կառավարման մարմինների և ժողովրդի միջև, այն անդունդը, որն առաջացել էր տարիների ընթացքում. «Գոնե պետք է իշխանության ներկայացուցիչները հայտարարություններ անեին, թե կանենք ամեն ինչ, որ իրավիճակը շտկենք, բայց մենք տեսանք հակառակը»:
Ըստ Սիրանուշ Անդրեասյանի՝ խորանում են հասարակության շրջանում հոգեբանական խնդիրները, մյուս կողմից էլ՝ տնտեսական նման իրավիճակը ձեռնտու չէ ոչ մի պետության. «Այս իրավիճակը խարխլում է պետության հիմքերը, հատկապես այն պետությանը, որն ունի 34 տոկոս աղքատության մակարդակ: Մենք այսպիսով հանգեցնում ենք նրան, որ մեզ մոտ աղքատությունն է աճում»:
Արձակագիր, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը նշեց, որ այս թանկացումները մեզ մոտ մեկ հրահանգով են կատարվում: Ըստ նրա՝ սա մտահոգիչ է. «Սա բռնատիրական երկրի օրինակ է, երբ երկրի նախագահն է որոշում երկրի թանկացումները, դա արդեն լավ չէ: Այս ամենը հատուկ է արվում, որովհետև դա նաև նպաստում է ոչ միայն մարդկանց հոգեբանական ծանր վիճակներին, այլև կոնկրետ արտագաղթին: Նման օրինակներով մենք ավելացնում ենք արտագաղթողների թիվը: Իսկ երկրում իրականում մեկ ավտոբուս մարդ է մնացել, ինչը սարսափեցնող է: Ժողովրդին խեղճացնելու և կոտրելու իրավիճակը հանգեցնում է նրան, որ մարդիկ պայքարելու ուժ ու ցանկություն այլևս չունեն, քանի որ անկախությունից այս կողմ այդ իրավիճակն է»: Ըստ Արթուր Հայրապետյանի՝սա վատ դերասանի խաղով շոու է:
Իրավաբան, իրավապաշտպան, իրավախորհրդատու, գրող-հրապարակախոս Էմիլ Մարկոսյանի կարծիքով՝ կատարվողը վաղուց պլանավորված շոու էր. «Այս շոուն ծրագրվում էր դեռ տարիներ առաջ: Այս ամենը կարելի էր կանխատեսել չորս կամ հինգ տարի առաջ, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ: Չի կարելի այս ամենն անընդհատ հանդուրժել: Այսօր դրայվոտ խոստումների փոխարեն ունենք ադրենալինոտ գների թանկացում: Ցավալին այն է, որ և′ իրավական, և′ հոգեբանական տեսանկյունից որևէ արդարացում ու պայքարի ճանապարհ չկա, որ մտածենք, թե ապագայում լավ կլինի: Շուրջ 800 անուն ապրանքներ պետք է թանկանան մինչև 2024-ը, իսկ դրանք բոլորն ընտանեկան զամբյուղի մեջ մտնող ապրանքներ են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի