«Ես էլ եմ գտնում, որ որոշ հարկատեսակներ ոչ թե կոսմետիկ, այլ լուրջ փոփոխություն կրելու անհրաժեշտություն ունեն: Բայց պետք է վերլուծել, թե դա որքանով կազդի բյուջետային եկամուտների վրա»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով թանկացումների, այդ թվում՝ բենզինի եւ սեղմված գազի գնի բարձրացման առնչությամբ հունվարի 23-ին խորհրդարանում նախատեսվելիք լսումներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Լսումների ժամանակ այս հարցադրումը կարող է ուրվագծվել: Տեսնենք՝ կառավարությունն ինչպե՞ս կարձագանքի լսումների արդյունքներին»,-նկատեց նա:
Պատգամավորը չի բացառում, որ սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի ակցիզի չափը գուցե դարձվի նախկինը, սակայն համապատասխան վերլուծություններ են պետք. «Նախկին դրույքաչափերին վերադառնալը լուծումներից մեկն է միայն, որը հարմար լուծում է թվում, բայց այլ լուծումներ էլ կան, որոնք կառավարությունը կփորձի ներկայացնել առաջիկա լսումների ժամանակ»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի մասին, որի անունը կուսակցությունում դեռ չեն բարձրաձայնում, եւ նշեցին, որ շրջանառվում են Վազգեն Մանուկյանի եւ Էդվարդ Նալբանդյանի անունները: Ի պատասխան Խոսրով Հարությունյանն ասաց. «Պետք է դիտել՝ նրանք բավարարո՞ւմ են այդ պահանջներին, թե ոչ: Յուրաքանչյուրն էլ հանրությանը հայտնի եւ իրենց կենսագրությամբ դերակատարում ունեցող մարդիկ են, արժանի նման վստահության, բայց այդ հարցին պետք է անդրադառնալ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ