«Հայաստանն, իրոք, շատ ուժեղ նվիրում է ցուցաբերել Արեւելյան գործընկերության օրակարգի իրականացմանը, առաջ տանելուն, հարեւանության հետ կապերը ուժեղացնելուն: Այժմ մտել ենք այն փուլը, երբ պատրաստվում ենք ստորագրված համաձայնագրի վավերացմանը, աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ՝ պատրաստելու մի լավ ճանապարհային քարտեզ, որով կուղղորդվի ամբողջ իրականացումը: Հայաստանի կառավարությունը ջանասիրաբար աշխատում է իրականացնելու ազգային իրականացման մեխանիզմը, ինչը շատ կարեւոր է մեզ համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Անդրադառնալով ՀՀ- ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին՝ դեսպանը շարունակեց. «ԵՄ-ը լավ սկսեց եւ նախորդ նախագահությունն առաջինն էր, որ վավերացրեց համաձայնագիրը, ինչը հստակ ազդանշան էր բոլոր գործընկերներին, վավերացման գործընթացը սովորաբար հիմնվում է օրենսդրական գործընթացների վրա, որոնք կախված են յուրաքանչյուր երկրի օրենսդրությունից: Դրանք տարբեր են, երբեմն պարզ են, երբեմն՝ բավականին բարդ: Մասնավորապես, դաշնային պետություններում ցանկացած միջազգային համաձայնագիր պահանջում է մանրամասն գործընթացային ծանր աշխատանք, բայց մենք լավատես ենք, ամենակարեւորն այն է, որ համաձայնագիրը կարող է իրականացվել այս տարի, հուսանք այս տարի գարնանից կարող է իրականացվել, պահանջվում է միայն Հայաստանի կողմից վավերացում: Երբ ընթերցեք համաձայնագրի տեքստը, այնտեղ մի գործընթաց կա, որը սկսելու է գործել ինքնաշխատորեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ