Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Ես չեմ կարծում, որ իշխանությունների մեջ չկան մարդիկ, ովքեր մտահոգված չեն երկրի ճակատագրով». «Փաստ»

Հունվար 17,2018 12:47

«Փաստ»-ի հյուրն է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

– Եվրամիության հետ ստորագրված նոր համաձայնագիրը նման դրույթներ պարունակում է, որ պետք է մարդն արժեք դառնա հասարակություններում, որ պետք է պաշտպանվեն նրա իրավունքները և այլն, և այլն։

– Ես կարծում եմ, որ համաձայնագիր ստորագրելն առաջին քայլն է։. Հետո է, որ պետք է այն լցվի համապատասխան բովանդակությամբ։ Քանզի որևէ փաստաթուղթ ինքնին արժեք չունի, եթե կյանքի չի կոչվում։ Բանն այն է, որ տվյալ համաձայնագիրը տալիս է այդ հնարավորությունը։ Պարզապես պետք է աշխատենք դրա ուղղությամբ։

Ընդ որում, կարծում եմ, այստեղ է, որ երևան է գալիս նաև յուրաքանչյուր ոլորտի համար, նաև յուրաքանչյուր մարդու՝ իր վրա աշխատելու կարողականությունը։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ մեր իշխանությունները կգնա՞ն այդ քայլին, կանե՞ն հստակ բարեփոխումներ։

– Որոշակի բաներ անել կյանքն ինքն է ստիպում։ Հիմա՝ ասենք, թե չգնացին, ի՞նչ կլինի այդ դեպքում։ Պարզապես վիճակը գնալով ավելի կվատանա։ Իսկ ես չեմ կարծում, որ իշխանությունների մեջ չկան մարդիկ, ովքեր մտահոգված չեն երկրի ճակատագրով։ Պարզապես պետք է ճիշտ ճանապարհն ընտրել։ Իսկ այդ համաձայնագիրը մատնացույց է անում ճիշտ ճանապարհը։

Եվ այն պետք է ընկալել ոչ թե որպես ֆինանսական օգնության հնարավորություն, որը համաձայնագրի միջոցով կարող է հասնել որոշակի օղակների, այլ դիտարկել որպես մի փաստաթուղթ, որը քեզ տալիս է հնարավորություն տեղափոխվելու այլ քաղաքակրթական դաշտ։

Ավելին՝ ես չեմ համարում, որ մենք մեզ անծանոթ ու նոր մի քաղաքակրթական դաշտ ենք տեղափոխվելու։ Պարզապես մենք վերադառնալու ենք ընդամենը մեր արմատներին։ Մեր ազգային իրական արժեքները հենց այդտեղից են։ Մեր Նարեկացին այդտեղից է, Մեսրոպ Մաշտոցն այդտեղից է, Կոմիտասն այդտեղից է։ Պարզապես մենք երկար դարեր ապրել ենք այլ միջավայրում, ապրել ենք թուրք-պարսկական, մոնղոլ-թաթարական, գավառական ռուսական միջավայրում։ Եվ այս ամենը չէր կարող իր ազդեցությունը չունենալ մեր դավանած արժեհամակարգի վրա։

Իսկ այժմ ժամանակն է, որպեսզի վերադառնանք մեր ակունքներին։ Ակունքներ ասելով, իհարկե, ես նկատի չունեմ մեր պապական, այսպես ասած՝ ադաթները, այլ այն արժեքները, որոնք պարունակում են իմ թվարկած մշակութային երևույթները՝ Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Արտաշես թագավոր, Պապ թագավոր և այլք։

Այնպես որ, եվրոպական համակարգը մեզ անծանոթ չէ, այն մեր համակարգն է նաև։ Պարզապես, ինչպես անհատ մարդու կյանքում, այնպես էլ երկրի կամ ժողովրդի, ժամանակի ընթացքում հավաքվում են ավելորդ բաներ, որոնք բացասաբար են անդրադառնում նրա վրա։ Իսկ եթե ցանկանում ենք մեր կյանքը կարգավորել ու ինչ-որ բանի հասնել, պետք է աշխատենք ինքներս մեզ վրա։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031