«Ես տեսնում եմ ինչ-որ մարդու, բայց ժամանակը չէ, որ տեսակետս արտահայտեմ: Երբ մեր կուսակցությունը քննարկի այդ հարցը, այդ ժամանակ կիմանաք»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ապրիլին ընդառաջ՝ ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Նա վստահեցրեց, որ իր տեսակետը համընկնում է կուսակցության տեսակետի հետ. «Ես այն քաղաքական գործիչն եմ, որը եթե խոսք է ասում, ուրեմն ինչ-որ «մասսա» կա կամ քննարկումներ կան, որոնց արդյունքում ասում եմ իմ խոսքը»:
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ Սահմանադրական փոփոխություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի հավակնում նախագահի, իսկ փոփոխությունները կյանքի կոչվելուց հետո՝ վարչապետի պաշտոնին, ԱԺ նախկին նախագահն ասաց. «Քաղաքականության մեջ անփոխարինելի պաշտոններ չկան…Այս պահին չեմ ուզում խնդրին անդրադառնալ, քանի որ այս պահին քննարկումներ են գնում, թե ով պետք է լինի վարչապետ»:
Ապա Գալուստ Սահակյանը կրկնեց, որ ինքն անձամբ քաղաքականության մեջ անփոխարինելի մարդ չի տեսնում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ