Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակներում հունվարի 17-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացավ ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ իր համար մեծ պատիվ է Սարյան թանգարանում` ծրագրի փակման արարողությանը ներկա գտնվելը:
Նրա ձեւակերպմամբ, միջոցառման ընտրության վայրը շատ խորհրդանշական է: «Սարյանը հանդիսանում է Հայաստանի այցեքարտը Եվրոպայում»,-ասաց պարոն Սվիտալսկին, նաեւ շնորհակալություն հայտնեց ծրագրին ներգրաված Բրիտանական խորհրդի անձնակազմին, ծրագրում ներգրաված բոլոր մարդկանց: «Հուսամ՚ ծրագիրը հաջողված է, եւ դուք օգուտներ քաղեցիք ծրագրից: Լիահույս եմ, որ այն շարունակական կլինի: Այն փաստը,., որ ծրագիրն իրականացվում է Արեւելյան Գործընկերության տիրույթում, վկայում է այն մասին, որ մշակույթին ավելի մեծ ուշադրություն է դարձվում: Հուսամ, որ կապերը, որ ստեղծվել են ծրագրի շրջանակներում, օգտակար կլինեն կայուն կամուրջներ ստեղծելու համար»:
Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարը ի հեճուկս հոռետեսների, նշեց, որ մշակույթը կարող է լինել շատ կարեւոր ուղղություն ԵՄ –Հայաստան համագործակցության համար, որովհետեւ մշակույթը Հայաստանի ուժեղ եւ կարեւոր կողմն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ