ԱԺ-ում քննարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն սահմանում է, որ ոստիկաններին կարող են իրավունք վերապահել առանձին դեպքերում հանրային վայրերում տեղադրել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս օրենքին եւ իրենք որեւէ վտանգ չեն տեսնում, որ խախտվելու են մարդու հիմնարար իրավունքները:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ դժգոհեց, որ բավական չի ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովը փակել են, միացրել են Պետա-իրավական հարցերի հանձնաժողովին, այս հարցն էլ, որը իրենց քննարկման տիրույթում էր, այլ հանձնաժողովում են քննել, դրա համար էլ Նահապետյանը ոչ մի խնդիր չի տեսնում օրենքի հետ կապված:Նա ասաց, որ որեւէ երաշխիք չկա, որ այդ տեսանկարահանումներով՝ մարդկանց շանտաժ չեն անի, մարդու անձնական կյանքի տիրույթ չեն մտնի. «Մենք գիտենք դա ոնց է չարաշահվում»:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ այս օրենքով ի վերջո ոստիկանության երազանքը կիրականանա՝ իրավունք կստանան ՀՀ-ում ցանկացած տեղ տեսախցիկներ տեղադրել: Նա ասաց,, որ փոխոստիկանապետը օրենքը ներկայացնելիս ասաց, որ հանրային վայրերում կարող են տեսախցիկներ տեղադրել, բայց օրենքը նախատեսում է նաեւ մասնավոր վայրերում տեղադրել եւ քաղաքական գործիչներին պահել ընդհանուր տեսադաշտում, ընդ որում, խոսքը նաեւ գաղտնի նկարահանմանն է վերաբերում:
Ուշագրավ է, որ այս օրենքի նախագիծը հանձնաժողովում քննարկվեց հրատապ կարգով՝ արտահերթ նիստով եւ արագ բերվեց խորհրդարան: Այս հրատապությունը Փաշինյանը բացատրեց այսպես՝ դիմացը ապրիլ է գալիս եւ իշխանություններին պետք են երաշխիքներ՝ իմանալու, թե պատգամավորներն ինչ են անում: Ընդ որում, դա միայն ընդդիմադիրներին չի վերաբերում, այլ առաջին հերթին ՀՀԿ-ական, իշխանական պատգամավորներին. «Այնպես որ, կոչ եմ անում ձեզ, անընդհատ ժպտացեք եւ գովերգեք Սերժ Սարգսյանին, որովհետեւ ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»: Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «դուք էլ ժպտացեք, ժպիտը գեղեցկացնում է մարդուն»:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ այս օրենքը ոչ թե արտակարգ ռեժիմով բերված է, այլ՝ գաղտագողի բերված օրենք է:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը առաջարկեց առաջին հերթին տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժանմունքներում, կաբինետներում, դատախազության բոլոր առանձնասենյակներում. «Տեղադրեք նաեւ կառավարության աշխատակազմի կաբինետներում եւ թափանցիկ դարձրեք ձեր աշխատանքը հանրության համար: Դա շատ ավելի արդյունավետ կլինի, համոզված եմ, կկանխարգելվի բազմաթիվ հանցագործություններ, որոնք պլանավորվում են եւ իրականացվում են ձեր համակարգի միջոցով»:
Նույն խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց. «ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու իրավունքով»: Ըստ նրա, սա արդեն բացառում է մարդու իրավունքների հաշվին ինչ-որ հանրային հարցեր լուծելու իրավաբանական հնարավորությունը. «Ընկերներ, մենք բոլորս, անկախ մեր առաջին մասնագիտությունից, կինոդերասաններ ենք՝ փողոցում նկարվում ենք, աշխատանքի վայրում նկարվում ենք, ավտոմեքենայում նկարվում ենք, մնում էր նաեւ մեր բնակարանում նկարվեինք: Այսքանից հետո մեզ ոչինչ չի խանգարում հայցել միջազգային կառույցների աջակցությունը՝ մեզ հայտնի դերասանների ցանկում ընդգրկելու համար»:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 57 կողմ եւ 31 դեմ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ