Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:
Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
Կրտսեր սերժանտ Ռուստամ Սարգսյանը մեկն է Պաշտպանության բանակի այն հազարավոր զինծառայողներից, ովքեր իրենց վերաբերմունքով, մասնագիտական ու մարդկային ունակություններով կարողացել են ձեռք բերել վերադաս հրամանատարության և ենթակա անձնակազմի հարգանքն ու սերը՝ ծառայության ողջ ընթացքում պատվով կատարելով հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները։
Ռուստամ Տիգրանի Սարգսյանը ծնվել է 1998 թվականի ապրիլի 26-ին Արարատի մարզի Ջրաշեն համայնքում: 2016 թվականին զորակոչվելով ծառայության` իրեն դրսևորել է որպես ուշիմ ու բանիմաց զինծառայող և ունենալով համապատասխան արժանիքներ՝ կրտսեր հրամանատարական դասընթացներն անցնելուց հետո նշանակվել է ջոկի հրամանատար: Այսօր արդեն դիրքի ավագն օրինակելի է իր կարգապահությամբ, հետևողականությամբ և ենթակաների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով։
Ծանոթանալով կրտսեր սերժանտ Ռ. Սարգսյանի հետ` մենք փորձեցինք պարզել, թե որն է հաջողության հասնելու գաղտնիքը, ինչ միջոցներ ու մեթոդներ է կիրառում ջոկի ղեկավարումն իրականացնելիս՝ թե՜ հրամանատար-ենթակա փոխհարաբերություններում, թե՜ մասնագիտական պատրաստվածության տեսակետից։
Ըստ նրա՝ հրամանատար-ենթակա հարաբերություններում, որը զինծառայության ամենատարբեր ոլորտներում հաջողության հասնելու հիմնական գրավականն է, կարևոր է մարդկային վերաբերմունքը, որպեսզի զինվորները հստակ գիտակցեն, որ հրամանատարը բոլոր հարցերում իրենց կողքին է։
«Եթե նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերվի, ապա թե՜ առօրյա խնդիրների, թե՜ մարտի ժամանակ նրանք թև-թիկունք կկանգնեն։ Ճիշտ է, դժվար է տարբեր միջավայրերից եկած, տարբեր գաղափարների տեր երիտասարդների հետ կոլեկտիվ խնդիրներ իրականացնելը, սակայն եթե կոլեկտիվի անդամները տեսնում են, որ հրամանատարությունն անշահախնդիր ու արդարացի մոտեցում է ցուցաբերում, ենթականերն էլ ստիպված են լինում իրենց փոխհարաբերությունները կառուցել ազնվության ու արդարության սկզբունքների հիման վրա»,- մեզ հետ զրույցում ասաց կրտսեր սերժանտ Ռ. Սարգսյանը` հավելելով, որ զորամասում առկա են լավ ավանդույթներ հրամանատար-ենթակա հարաբերություններում։
Իրոք, գաղտնիք չէ, որ զինծառայության ընթացքում հրամանատարից շատ բան է կախված: Նա պետք է իր մասնագիտական, հոգեբանական մեթոդներով, գիտելիքներով ու անձնական օրինակով վերացնի իր և ենթակայի միջև եղած կամ առաջացող անջրպետը և ծառայության կազմակերպման ժամանակ որդեգրի միայն ազնիվ սկզբունքներ՝ գտնելով ու վերացնելով այն պատճառները, որոնք ազդում են ենթակա ստորաբաժանման մարտունակության համար կարևոր նշանակություն ունեցող բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման վրա։
Ջոկի հրամանատարը կարծում է, որ հաջողության հասնելու համար հրամանատարության միակողմանի աշխատանքը բավարար չէ. «Զինվորներն իրենց հերթին պետք է խելացի լինեն, նախաձեռնող, որպեսզի կարողանան իրենց մասնագիտական պարտականությունները կատարել, չէ՞ որ հենց մարդու հնարամիտ գործունեության արդյունքում են զենքն ու զինտեխնիկան ավելի արդյունավետ ծառայում նպատակին։ Մյուս կողմից, զինծառայողները պետք է օժտված լինեն որոշակի մարդկային որակներով, դաստիարակված` հայրենասիրությամբ, ունակ` ուրիշի ցավերը դարմանելու։ Այս առումով կարևոր նշանակություն ունի այն միջավայրը, որում ծնվել, դաստիարակվել և մեծացել է մարդը»։
Կրտսեր սերժանտ Ռ. Սարգսյանն այն կրտսեր հրամանատարների թվին է պատկանում, ովքեր կարողանում են մարդկային և հրամանատարական անհրաժեշտ որակներ ցուցաբերելով ղեկավարել ենթակա անձնակազմին, նրանց անհրաժեշտ գիտելիքներ ուսուցանել և դիրքի անձնակազմին մշտապես միակամ ու մարտունակ վիճակում պահել։
Խոսելով մեր հայրենիքի ապագայի կառուցման գործում հայոց բանակի տեղի ու դերի մասին` կրտսեր սերժանտ Ռուստամ Սարգսյանը նշեց հետևյալը. «Հայոց բանակն այսօր դարձել է լուրջ տարածաշրջանային գործոն, որը թույլ է տալիս արտաքին քաղաքականության բնագավառում պահել ու պաշտպանել մեր երկրի պատիվն ու արժանապատվությունը: Մյուս կողմից, մեր թշնամուն, թերևս, սանձահարող ամենահուսալի միջոցն է: Մեր հակառակորդն իր ստորությամբ ու նենգ արարքներով կարողացել է մեզանից խլել մեր հայրենիքը` դարեր ի վեր նվաճված պահելով մեզ: Այս ամենը ստիպում է, որ չմոռանանք մեր անցյալը,- նշեց նա, իր միտքն ավարտելով հայտնի խոսքերով,- չպետք է մոռանանք դառն անցյալը, որպեսզի ստիպված չլինեք այն նորից վերապրել»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն