Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները քաղաքական գործիչների տունը, գրասենյակը կվերցնեն տեսանկարահանման տակ. Փաշինյան (Տեսանյութ)

Հունվար 17,2018 11:34

ԱԺ-ում քննարկվում է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այն սահմանում է, որ ոստիկաններին կարող են իրավունք վերապահել առանձին դեպքերում հանրային վայրերում տեղադրել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ ենթադրվում էր, որ արագաչափերը պետք է տեղադրվեն այն վայրերում, որտեղ սովորաբար լինում են վթարներ, բայց մեզ մոտ արագաչափերը տեղադրված են համատարած: Եթե այդ տեսանկարահանումներն արվում են ապացուցողական բազայի համար, ինչո՞ւ եք օրենքով տվյալները պահպանում 7 օր ընդամենը:

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, որը նախագծի հիմնական զեկուցողն էր, պատասխանեց, որ ՀՀ-ում 177 արագաչափ է տեղադրվել, որոնցից 91-ը՝ Երեւանում. «Արագաչափերի տեղադրումը, ինչ խոսք, իրականացվում է լուրջ վերլուծության հիման վրա եւ միայն ելնելով այդ վերլուծությունից՝ այս կամ այն վայրում տեղադրում են»: Ինչ վերաբերում է ժամկետին, նա ասաց, որ այդ 7 օրը պահպանվում է ամբողջական տեղեկատվությունը, իսկ որեւէ իրավախախտում այդ տեսախցիկներով արձանագրելու դեպքում դրանք պահպանվում են մինչեւ հանցագործության կամ հասարակական կարգի խախտման դեպքեի քննության ժամկետի ավարտը»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Այս նախագծում ուղիղ գրած է, որ այս օրենքով առնվազն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարեւանի հետ պայմանագիր կնքեք եւ նրա ամբողջ տունը, գրասենյակը վերցնեք տեսանկարահանման տակ: Այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը այդպիսի գործողություններ կարող է կատարել»:

Վարդան Եղիազարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նման նկատառում երբեւիցե եղել է կամ կլինի ոստիկանության առջեւ դրված: Չեմ կարծում, որ դա այդպես է, ինչպես դուք ասացիք: Մենք ունենք հնարավորություն օպերատիվ ճանապարհով տեսանկարահանում կատարել, եթե կա այդպիսի խնդիր դրված: Ի՞նչ է նշանակում ամեն հարեւանի կամ խանութի դիմաց դնել նման սարքեր»:

Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ այս օրենքով ՀՀ ցանկացած քմ կարող է դրվել տեսանկարահանման տակ, իսկ 7 օր են պահպանում, որովհետեւ հետո ասելու են իբր ջնջել ենք ու ընդհանուր կոմպրոմատներ հավաքեն, այս օրենքի ողջ տրամաբանությունը դա է:

ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ասաց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել այս օրենքին: Նա հայտարարեց, որ իրենք որեւէ վտանգ չեն տեսնում, որ խախտվելու է Սահմանադրությունը, մարդու հիմնարար իրավունքները, Եվրոպական կոնվենցիան:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ պատգամավորների մտահոգությունները առաջին հայացքից օրինաչափ թվացող այս օրենքի նախագծի հետ կապված նրանից, են, որ տարիներ ի վեր եղել են քաղաքական հաշվեհարդարներ, քաղաքական դատավճիռներ. «Ցավոք, դեռ լինելու են, քանի դեռ մենք չունենք անկախ դատական համակարգ, որը չլինի իշխանության բուրգի կրունկի տակ: Մենք բոլորս իրավունք ունենք ունենալու ողջամիտ կասկածներ, որ սա ոստիկանները կօգտագործեն ի չարս: Կարող է մի հատ էլ նախագիծ բերեք, որ մարդկանց վրա տեղադրենք ժուչոկներ, որովհետեւ մարդը պատահաբար ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հանցագործության մասնակից լինի: Այստեղ մենք ունենք վստահության լրջագույն ճգնաժամի խնդիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031